Iran-CIA-Coup
Ինչպես հայտնում է «Al Jazeera» լրատվականը, ըստ գաղտնազերծված փաստաթղթերի` 1953թ.-ի Իրանի ընտրված վարչապետ Մուհամեդ Մոսադեղի կառավարության տապալումը  կազմակերպվել է ԱՄՆ ԿՀՎ-ի կողմից, երբ վերջինս փորձել է երկրի նավթային պաշարներն ազգայնացնել:  Ժողովրդավարական ընտրության արդյունքում ընտրված Մուհամեդ Մոսադեղի տապալումն ու նրա փոխարեն աթոռին արևմտամետ Շահ Մուհամեդ Ռեզա Պահլավինի զբաղեցնելը հանգեցնում է երկրում հակաամերիկյան տրամադրությունների, որոնք էլ ի վերջո հանգեցրին 1979թ.-ի Իրանական հեղափոխությանն ու Վաշինգթոն-Թեհրան հետագա լարված հարաբերություններին:

ԿՀՎ նախկին աշխատակից Ռոբերտ Բաերը «Al Jazeera»-ի հետ իր հարցազրույցում նշել է, թե այս ծրագիրը սկիզբ դրեց այն ողբերգությունների շարքին, որոնք շարունակում են մինչ այսօր հետևել ԱՄՆ-ին և կենտրոնական արևելքի նրա դաշնակիցներին:
1979թ.-ի հեղափոխության ժամանակ ամերիկամետ Պահլավիին զրկում են աթոռից: Հեղափոխությունն առաջնորդվում էր Այաթոլլա Ռուհոլա Խոմեինի կողմից, ով իր թշնամությունն է արտահայտում ԱՄՆ-ի նկատմամբ: Դրա ամենաակնառու արտահայտվածությունը թերևս դրսևորվում է այն ժամանակ, երբ մի խումբ իրանցի երիտասարդ ուսանողներ Թեհրանում ԱՄՆ դեսպանատուն են ներխուժում և 444 օր շարունակ պատանդ վերցնում 52 ամերիկացիների:
Բաերը նշում է, թե իրանցիները հավատացած են, որ եթե չլիներ ԱՄՆ ԿՀՎ-ն, Շահը երբեք էլ իշխանության չէր գա: Ինչպես նաև հավատացած են, թե ԿՀՎ-ն մինչ այսօր շարունակում է իր ազդեցությունն ունենալ Իրանի ներքին քաղաքականության վրա:
ԿՀՎ-ի ծրագրերի մասին վաղուց է հայտնի, երբ 1981թ.-ին դրա մասին գաղտնազերծվեցին կարևոր փաստաթղթեր, սակայն դեռևս անհայտ հանգամանքներ կային և փաստաթղթեր, որոնք դեռևս բացահայտված չէին: Այս կիրակի Մոսադեղի կառավարության տապալման 60 ամյակի կապակցությամբ գաղտնազերծված փաստաթղթերը հստակորեն ապացուցում են ԿՀՎ-ի ներգրավվածությունը: Պետդեպարտամենտի նախկին վերլուծաբան Ռեզա Մարաշին, ով այժմ Իրանաամերիկյան ազգային խորհրդի անդամ է, նշում է, թե սա փոքր, սակայն կարևոր քայլ է ամեն ինչ ուղղելու և հարաբերությունները կարգավորելու համար: Նա նշում է, թե խնդիրները լուծելու առաջին քայլը ընդունելն է, որ դրանք գոյություն ունեն, իսկ խնդիրը, որը գոյություն ունի Իրանի և ԱՄՆ-ի միջև, գալիս է պատմությունից: «Երկու կողմերն էլ պետք է գիտակցեն, որ անհրաժեշտ է ընդունել ու հասկանալ անցյալը` ապագայի վրա կենտրոնանալու համար»,-նշել է Մարաշին` նկատի ունենալով Իրանի արդի միջուկային խնդիրը:
Մոսադեղը  ցանկանում էր ազգայնացնել անգլո-իրանական նավթային ընկերությունը, որն այսօր հայտնի է «BP» անվանմամբ: Անգլիացիները չէին կարող հանդուրժել դա, քանի որ իրանական նավթը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նրանց տնտեսության վերականգնման համար մեծ նշանակություն ուներ:
Ինչպես պարզ է դարձել, մինչև ծրագիրն իրականացնելը Մոսադեղի կառավարման դեմ սկսվել են պատմություններ հորինվել` տարածվելով թե՛ ամերիկյան, թե՛ իրանական լրատվամիջոցներում` հող պատրաստելով կառավարության տապալման համար:
2009թ.ին  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նույնպես փորձել է ընդունել 1953թ.-ի ծրագրի մեջ ԱՄՆ-ի ներգրավվածությունը, որը Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու չստացված փորձ էր:
Ինչպես պարզ է դարձել, ամերիկյան և բրիտանական լրտեսները նույնպես փորձել են հակամոսադեղական տրամադրություն առաջացնել նաև իրանական հոգևորականության շրջանում, իսկ ԿՀՎ-ն պլանավորել էր 5 միլիոն դոլար փոխանցել Ֆազլոլա Զահեդին (նրա կառավարությանը),  ով պետք է փոխարիներ Մոսադեղին:
ԿՀՎ-ն վախենում էր, որ եթե Բրիտանիան իր նավատորմն ուղարկի Իրան, Սովետական Միությունը կարող է ներգրավվել ու գրավել Իրանը, ինչը չէր կարելի թույլ տալ: Իրականում իրանական կառավարության տապալման գործողությունը գերազանցապես Բրիտանիայի խնդիրն էր, որը կապված էր իրանական նավթի վրա ունեցած նրանց իրավունքների պահպանման հետ, իսկ ԱՄՆ-ն ներգրավվում է ծրագրում հակակոմունիստական նկատառումներով` վախենալով, որ Մոսաղաթը երկիրը կհանձնի ռուսների ձեռքը: Այս մասին նշել է Բաերը:
Իսկ ինչ վերաբերում է այն բանին, թե ինչու են փաստաթղթերը գաղտնազերծվել հենց այժմ, Մարաշին նշել է, թե հավանաբար սա փոքր քայլ էր ու քաղաքական ժեստ ուղղված Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանիին ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար, որն ի վերջո կարող է հանգեցնել այն բանին, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ներեղություն կխնդրի Իրանից 1953թ.-ին իրականացրած ծրագրի համար, իսկ Իրանն էլ իր հերթին ներողություն կխնդրի «պատանդների իրանական ճգնաժամի» համար, և ամեն ինչ կընթանա խաղաղ ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել