1in.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղը տարեցտարի բարելավում է իր դիրքերը զբոսաշրջության ոլորտում: Եթե անցյալ տարի շուրջ 16 հազար զբոսաշրջիկ է եղել Արցախում, ապա այս տարի այդ թիվն աճել է մինչև 50 տոկոսով: 

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության ենթակառուցվածքների և ծրագրերի կառավարման բաժնի պետ Սերգեյ Սարգսյանն ասաց, որ զբոսաշրջության զարգացումը ԼՂՀ-ում արվում է պետական մակարդակով, որին աջակցում են նաև անհատ բարեգործներ և հիմնադրամներ: 

2011 թվականից վարչությունը համագործակցում է Հռոմում գործող «Անաստասիս» հիմնադրամի հետ: Երկու կողմերը համաձայնության են եկել զբաղվել Արցախի հուշարձանների բարեկարգման, վերանորոգման աշխատանքներով: Ծրագիրն արդեն աջակցում է Շահումյանի շրջանի Դադիվանք վանական համալիրի բարեկարգման աշխատանքներն իրականացնելուն, արվում են քայլեր այլ հուշարձաններ ևս վերանորոգելու համար. «Մենք պետք է անենք հնարավոր ամեն բան, որպեսզի զբոսաշրջիկները ծանոթանան Արցախի բոլոր շրջանների և պատմամշակութային հուշարձանների հետ»:

Մեր զրուցակիցն ասաց նաև, որ բարեկարգման աշխատանքներում այս տարի շեշտը դրված է հատկապես Շահումյանի շրջանի և Արցախը ՀՀ-ի հետ կապող մայրուղում բարեկարգման աշխատանքներ կատարելու վրա: Բացի այս, ջանքեր են գործադրվում, որպեսզի զբոսաշրջության ապակենտրոնացում լինի: Բացի Ստեփանակերտից, Շուշիից և Գանձասարից՝ զբոսաշրջիկներ կայցելեն ԼՂՀ այլ շրջաններ ևս:

Ս. Սարգսյանի փոխանցմամբ՝ կա պետական մակարդակով համագործակցություն ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ԼՂՀ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության միջև, ինչի արդյունքում Հայաստան եկող զբոսաշրջիկներն այցելում են Արցախ: Համագործակցում են նաև տուր-օպերատորները, ինչը ևս խթանում է Արցախում զբոսաշրջության զարգացմանը: 

Այժմ Արցախում կա հինգ տուր-օպերատոր, որոնք բոլորն էլ կապ ունեն Հայաստանի հետ:

Ինչ վերաբերում է խնդիրներին, ապա Ս. Սարգսյանն ընդգծեց, որ դրանք շատ են, սակայն աստիճանաբար լուծվում են: Արցախում զբոսաշրջության զարգացմանը խոչընդոտում են ճանապարհների հետ կապված խնդիրները, հուշարձանների տարածքների բարեկարգումն ու հարմարեցումը, ենթակառուցվածքների զարգացումը, սննդի օբյեկտների, հյուրանոցների, հանգստի գոտիների ապահովումը, ինչպես նաև ավելի հարմարավետ տրանսպորտային տեսակների, սպասարկման որակի բարձրացումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել