1in.am-ը գրում է.
Հանրապետության ամբողջ տարածքում տարրական դասարանների բոլոր սովորողները կապահովվեն սնունդով: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությանը և փորձնական ծրագրին կառավարությունը հավանություն կտա հինգշաբթի օրվա նիստի ժամանակ: Ռազմավարությունը մշակել է Կրթության և գիտության նախարարությունը:
2013թ.-ը կլինի նախապատրաստական փուլ, որի ընթացքում հիմնականում կիրականցվեն օրենսդրական շտկումներ:
Հիմնական փորձնական ծրագիրը կմեկնարկի 2014 թվականին Վայոց Ձորի մարզում: Փորձնական ծրագրում կընդգրկվեն Վայոց Ձորի մարզի 45 հանրակրթական դպրոցների 186 տարրական դասարանների մոտ 2200, ինչպես նաև դպրոցին նախապատրաստման խմբերում ընդգրկված 182 սովորողներ:
Սնունդը կտրամադրվի ուսումնական տարվա 168 օրերի ընթացքում՝ շաբաթը 5 օր: Տարրական դասարանների և դպրոցին նախապատրաստման խմբերում ընդգրկված սովորողներին ամեն օր` մինչև ժամը 12-ը կմատուցվի կաթ և թխվածք: Դպրոցականների սննդի բազային ֆինանսավորումը մեկ սովորողի համար կկազմի օրական 140 դրամ, որն իր մեջ ընդգրկում է կաթ (200մլ) և թխվածք/բուլկի (60 գրամ): Երեխաների նախաճաշի բազմազանությունը ապահովելու նպատակով դպրոցական կաթ ծրագրով, որպես այլընտրանքային կերակրատեսակներ, երեխաներին կարող են հատկացվել նաև կակաո, կեֆիր, յոգուրտ, հյութ և այլն:
2015-2016թթ.-ին այս ծրագիրը կմեկնարկի նաև Սյունիքի և Արարատի մարզերում: 2016-2021թթ. «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը կիրականացվի Կառավարության կողմից՝ արտաքին դոնորների փոքր աջակցությամբ: