Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի նախագահ Ռ․Թ․ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Ի․ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ուղիղ տեքստով նշել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանը։
Դրա բովանդակությունը հակիրճ` Անկարան Երևանի հետ խնդիրները լուծված կհամարի, եթե Բաքուն Երևանի հետ հարաբերությունները կարգավորված կհամարի։ Ասել է թե` Երևանը գործի` ըստ Բաքվի շահերի։
Իսկ բուն հալտարարության նշվել է. «ՄԱԿ ԱԽ որոշումները, որ տարիներ շարունակ չէին կատարվում, Ադրբեջանն ինքը կյանքի կոչեց։ Մնայուն խաղաղության հասնելու և դեպի բաղձալի կարգավորումը շարժվելու համար այսօր միջավայրն ավելի բարենպաստ է, քան երբևէ եղել է։ Դրա համար անհրաժեշտ է գործել տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին համապատասխան: Մենք կողմ ենք, որ տարածաշրջանում մնայուն խաղաղություն և համապարփակ կարգավորում լինի։
Այս տարածաշրջանով անցնելիք ցամաքային (ավտոճանապարհ) և երկաթուղային կապուղիները ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև տարածաշրջանի բոլոր երկրների համար տնտեսական և առևտրային հնարավորություններ են ստեղծելու։ Օրը կգա, և մենք կկարողանանք Զանգեզուրից հասնել մինչև Ստամբուլ, Իգդիր, Կարս, իսկ տարածաշրջանը կամրապնդի իր տեղը որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն։ Այս զարգացումից կշահեն Ադրբեջանի բոլոր հարևանները, այդ թվում՝ Իրանը, Վրաստանը և Հայաստանը։ Մի խոսքով՝ այս նախագծերն օտարող չեն, ներառական են։ Իհարկե, այս գործընթացում պարտադիր է սահմանների հստակեցումը և փոխադարձ ճանաչումը։ Այս ըմբռնումը կազմում է բարիդրացիական հարաբերությունների հիմքը։
Անհրաժեշտ է, որ այս հարցերում Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրների լուծման համար անկեղծ կամք դրսևորի։ Եթե Հայաստանը անկեղծ կամք ցուցաբերի, ապա Հայաստանի հետ Թուրքիայի հարաբերությունները կարգավորելու առջև ոչ մի խոչընդոտ չի մնա։ Ամբողջ տարածաշրջանի համար միասնաբար ստեղծվելիք բարեկեցիկ ապագան փոքր հաշիվների և ներքաղաքական հարցերի համար զոհելը նշանակում է ժամանակ կորցնել։ Աշխարհի այս գեղեցիկ հատվածում խաղաղ պայծառ ապագան միանգամայն հնարավոր է։ Մեկ անգամ ևս ընդգծում եմ, որ Թուրքիան մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ արված յուրաքանչյուր դրական քայլին կպատասխանի նույն կառուցողական մոտեցմամբ»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=4419952384708608&id=100000816702872
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել