Factor.am-ը գրում է.
Factor.am-ի տեղեկություններով վաղվանից Ոստիկանությունը վերսկսելու է ուժեղացված հսկողություն իրականացնել փակ տարածքներում դիմակ կրելու պահանջի կատարման հետ կապված։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք խանութներում, երթուղային տաքսիներում, ավտոբուսներում, ժամանցի վայրերում և այլ փակ տարածքներում առանց դիմակի կլինեն, կտուգանվեն 10000 ՀՀ դրամի չափով։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության բոլոր խիստ միջոցներ։
Դիմակ կրելուց չի ազատում պատվաստված կամ կորոնավիրուսով վարակված և բուժված լինելու հանգամանքը։ Ըստ մասնագետների՝ թեև պատվաստումը հիմնականում կանխում է հիվանդության ծանր ընթացքը և նվազեցնում մահացության ցուցանիշները, սակայն ամբողջությամբ չի կարող կանխել վիրուսի շրջանառությունը։
Նշենք, որ կորոնավիրուսային հիվանդության պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված: Վերջին հինգ օրերի ընթացքում Covid19-ով վարակվել է 10․000-ից ավելի քաղաքացի, մահացել է՝ 185 մարդ։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ մահճակալային ֆոնդը սպառված է։