«Իսլամական պետությունը» հայտարարել է Աֆղանստանի Ուրուզղան կենտրոնական նահանգում իր ներկայության մասին, հաղորդում են տեղի ցանցային ԶԼՄ-ները։

«ԴԱԻՇ-ի (ԻՊ-ի արաբական անվանումը) սեւ դրոշներն սկսել են ավելի հաճախ հայտնվել Դեխ Ռախվուդ գավառի տարբեր գյուղերում:

Գավառում խմբավորման կենտրոնը դարձել է Դեխզանգ գյուղը, որտեղից կազմակերպիչներն իրենց միանալու կոչով ուղերձ են տարածում: ԴԻԱՇ-ի յուրաքանչյուր նոր անդամի տրվում է 30 հազարական աֆղանի միանվագ նպաստ»,-ասվում է հաղորդագրություններում:

«Թալիբան»-ը, որն Աֆղանստանում իշխանության է եկել այս տարվա օգոստոսին՝ երկրից ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիայի զորքերի դուրսբերման ֆոնին, առայժմ չի մեկնաբանել այդ հաղորդագրությունները: Միեւնույն ժամանակ հոկտեմբերի 24-ին թալիբների զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քարի Ֆասիհուդդին Ֆիթրաթ Բադախշանին հաղորդել է, որ հոկտեմբերի 23-ին Աֆղանստանի հյուսիսում ձերբակալել են ԻՊ-ի չորս կողմնակիցների:

«Վերջնական տեղեկատվության համաձայն, ԻՊ-ի օգտին լրտեսության մեջ մեղադրանքով չորս մարդ են ձերբակալել Ջաուզջանի նահանգի Կարկին գավառի տարածքում»,-Twitter-ում գրել է Բադախշանին: Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո երկրում տեղի են ունեցել մի քանի արյունոտ ահաբեկչություններ, որոնց համար պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն: Վերջին ահաբեկչական գործողությունները, որոնք իրականացվել են Կուդուզի եւ Ղանահարի շիա մզկիթներում, հարյուրից ավելի մարդու կյանք են խլել, մի քանի հարյուրը վերքեր են ստացել, հաղորդել է«Ինտերֆաքս»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել