Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնի է հոկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանը։ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ՔՊ-ական թեկնածու Արարատ Թումանյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է գնահատում ընտրությունների արդյունքները, ըստ որոնց չհաջողվեց բավարար ձայներ հավաքել և ընտրվել համայնքի ղեկավար․ «Նորմալ եմ գնահատում, մարդիկ գնացել են ընտրությունների, ոչ մի ճնշում և խոչընդոտ չի եղել, իրավապահներն ապահովել են մարդկանց անվտանգությունը, որևէ արտառոց դեպք չի արձանագրվել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքների վերաբերյալ միայն հանձնաժողովի անդամները կարող են ճշգրիտ տեղեկություն տալ։ 

Դիտարկմանը, թե մինչ ընտրությունները մեզ հետ զրույցում վստահ էր՝ այս անգամ ևս ժողովուրդն իր կամընտրությունը կարտահայտի՝ ընտրելով իրեն։ Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ ամիսներ առաջ տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում Մեղրիում հաղթած իշխանական ուժը, ՏԻՄ ընտրություններում պարտվեց՝ Թումանյանն ասաց․ «ՏԻՄ ընտրություններում այլ է․ Մեղրին այդքան էլ մեծ շրջան չէ, և այստեղ գրեթե բոլորը իրար հետ խնամի-քավոր-սանիկ-հարազատ-բարեկամ-ընկեր հարաբերություններով պարտադիր կապված են, հավանաբար, հենց դա է նպաստել շատ ձայներ ստանալուն։ Խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ն իր վճռորոշ մեխը մեխել է հաղթանակ տանելով»,- նշեց Թումանյանը։

Նա դժվարացավ ասել ընտրություններում հաղթանակած Բագրատ Զաքարյանը կկարողանա՞ լավ ղեկավարել համայնքը, թե՞ ոչ․ «Թույլ տվեք ժամանակը որոշի, ո՞վ կարող է իմանալ»։ 

Հարցին՝ իրեն պարտված համարո՞ւմ է, Թումանյանը պատասխանեց․ «Ո՞ւմ առջև, իհարկե ոչ։ Հանուն Հայաստանի Հանրապետության, մեր ժողովրդի, ազգի ես պատրաստ եմ ցանկացած մարդու և՛ օժանդակել, և՛ լինել դրա ակունքներում, աշխատել՝ ի բարօրություն մեր պետության։ Այս պահին բանակցություններ ենք վարում կոալիցիա ստեղծելու մասին և հիմա քննարկման պրոցեսում ենք»,- եզրափակեց Արարատ Թումանյանը։ 

Ավելի վաղ, մեզ հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանն ասել էր, որ իր թեկնածությունն առաջադրելը պայմանավորված էր Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արարատ Թումանյանի անձով․ «Երբ տեսա՝ ով է նշանակվել Մեղրիի համայնքապետի պաշտոնակատար, վստահություն չունեի, որ նա կկարողանա ղեկավարել տարածաշրջանը և ճշգրիտ լուծումներ տալ խնդիրներին։ Դրա համար որոշում կայացրի առաջադրվել որպես համայնքի ղեկավարի թեկնածու»։

Հիշեցնենք, որ այս կիրակի՝ հոկտեմբերի 17-ին, ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ էին Սյունիքի մարզի  չորս՝ Գորիս, Մեղրի, Տեղ և Տաթև համայնքներում։ Մեղրիում պայքարում էր 4 ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն», «Ապրելու երկիր» և «Ազատական» կուսակցությունները: Մեղրիում ընտրություններից առաջ կրքերը լարվել էին, ինչը նկատելի էր հատկապես առաջին երեք կուսակցությունների և նրանց թեկնածուների միջև։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել