Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի 5-րդ շենքի բակում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Կարեն Հովհաննիսյանի անվան խաչքարը: Կարենի մասին խոսելիս ասում են՝ համառ էր, ընկերասեր, ասածի տեր, հայրենասիրությունը նրա համար ընդամենը բառ չէր, նա գիտեր հայրենիքի արժեքը, հասկանում էր իր կարևորությունը իբրև քաղաքացի և այդ էր պատճառը, որ որպես զինվոր համառորեն պայքարեց, որպեսզի ծառայի հայոց բանակում։  «Ես ոնց չգնամ, բա ով իմ տեղը ծառայի»․ասել էր Կարենը։

Պատմում են, որ բոլոր ծառայակից ընկերներին առնում էր թևի տակ և դառնում նրանց խնամակալը։ 2020 թվականի սեպտեմբերյան պատերազմի բոթը լսելուց հետո Կարեն Հովհաննիսյանը շտապել էր մասնակցելու հայրենիքի պաշտպանությանը։ Ցավոք պատերազմը խլեց նրա կյանքը:

Կարենի մասին հիշողությունները շատ ջերմ են, բոլորը հիշում են՝ ինչ կենսուրախ տղա էր։ Ուսուցչուհու հիշողություններում էլ նա մարդամոտ, բարի, ազնիվ էր․ «Նա դպրոց եկավ 5-րդ դասարանում ու արագ մտերմացավ իր ընկերների հետ։ Ես աշակերտներիս միշտ ասում եմ, կարևոր չէ թե ինչ մասնագիտություն եք ընտրելու, կարևոր է, որպեսզի մարդ կոչմանը արժանի լինեք։ Կարենը իրոք մարդ էր, այդ բառի բուն իմաստով։ Նա իր կյանքը չխնայեց հանուն հայրենիքի»։

Պահը հուզիչ էր, հավաքվածներից յուրաքանչյուրը իր պատմությունն ուներ հիշելու, պատմելու, սակայն արցունքները, հուզմունքը խեղդում էին։ Տեր քահանա Զգոնը նշեց, որ բոլոր նահատակված տղաները, անցան մի ճանապարհ, որով շարունակեցին հայոց նվիրայլների ճանապարհը։ «Շարունակեցին այն առումով, որ Քրիստոնեությունը հիմնված է զոհաբերման վրա, ինքնազոհաբերման»։

Միջոցառմանը ներկա էր նաև երգիչ Դավիթ Ամալյանը, ով 44-օրյա պատերազմում կորցրել էր որդուն՝ Վարդանին։ Նա նշեց, որ բոլորն իր համար նույն անունն ունեն․ «Բոլորին ասում եմ տղերք և այս անունը ունեցել են դեռ 20 տարի առաջ»։

Դավիթը կատարեց «Կենացդ եղբայր» և «Պատիվ ունեմ» երգերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել