Iravaban.net-ը գրում է.
Եթե գողությունը հանցագործություն է, ապա կլեպտոմանիան հոգեկան խախտում է:
Կլեպտոմանիան առաջացել է հունարեն κλέπτειν՝ գողանալ բառից: Այն գողություն կատարելու հոգեբանական անհաղթահարելի ձգտումն է՝ կիրք գողության նկատմամբ, որն ի հայտ է գալիս իմպուլսիվ ձևով: Գողության դեպքում անձը ունենում է շահադիտական նպատակներ, մինչդեռ կլեպտոմանին պետք չէ գողոնը: Վերջինիս անհրաժեշտ են այն սուր զգացողություններ, որոնք նա ստանում է գողանալիս: Այդ պահին գողանալու ցանկությունն այնքան մեծ է լինում, որ անձը չի կարողանում պայքարել իր գործողությունների դեմ:
Գողանալու ժամանակ կլեպտոմանը գտնվում է հաճույքի գագաթնակետում, գողանալուց հետո այդ զգացողությունները անցնում են, և հետագայում, որպես կանոն, նա ամաչում է իր կատարած արարքից, նրան տանջում է մեղքի զգացողությունը:
Ներկայումս շատ գողեր փորձում են իրենց կողմից կատարված գողությունը վերագրել կլեպտոմանիային: Հաճախ նույնիսկ մասնագետներն են դժվարանում տարբերել գողությունը կլեպտոմանիայից: Հիմանական տարբերակումն այն է, որ գողին հետաքրքրում է արդյունքը, իսկ կլեպտոմանին` արդյունքին հասնելու ընթացքը:
Ի դեպ, կլեպտոմանների մեծ մասը նյութապես հարուստ մարդիկ են լինում: