Թող մեր ազգի որեւէ թշնամի, մանաւանդ դրանց վարձկան կամ սպասաւոր չերազի, թէ ինձ կարող է շեղել իմ հիմնական գործերից։ Այսօր տպարան յանձնեցի «ԴԷՊԻ ԲԱՑԱՐՁԱԿ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԻՒՆ» գիրքս։ Ես գիտեմ դա շատ կարեւոր բան է, ոչ պակաս քան 40 տարի առաջ ասպարէզ իջեցրածս «ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆ ՀԱՆՐԱՔՈՒԷԻ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ» ծրագիրը։ 3 օրից ասուլիսում կխօսեմ դրա մասին՝ որպէս ազգային միասնական կարեւորագոյն ծրագրի։
Բարեկամներս, դուք իզուր եք ուշադրութիւն դարձնում անպատասխանատու յայտարարութիւններին։ Ցանկացած ողջախոհ մարդ ինքնորոյն էլ կտեսնի, թէ ինչպէս է փաստաբանՍիրունեանը բացայայտում իր պաշտպանեալին, կարճ ասած մինչեւ վերջ վառում նրան։ Նախ ինքը չի հերքել եւ չի էլ կարող հերքել այն, ինչ գործում ամրագրուած է երկու վկայութիւններով։ Լրագրողուհին է գրում, թէ «Սիրունեաը հերքում է»։ Սակայն նոյն լրագրողուհին մի քանի տող ներքեւում տալիս է Սիրունեանի ուղիղ խօսքը․ «...փող տվողը ինչ-որ մեկը չէ, Վարդանի ծանոթն է...» Իսկ ո՞վ է ասել, որ ծանոթ միջնորդ չի լինում։ Այսպիսով Սիրունեանը հրապարակաւ խոստովանում է, որ մահափորձից առաջ իր պաշտպանեալը 100 000 դոլար է ստացել։
Ուշադրութիւն դարձնենք, ծանր վիճակում յայտնուած Սեդրակեանից իր՝ եկամուտ ստանալն արդարացնել փորձող Սիրունեանի միւս խօսքերին.« Ասում է՝ (100 000-ը տուողը- Պ.Հ.) ես Վարդանին մեր գործերով փող եմ տվել․․․ Եթե չեմ սխալվում, պարտքով է տվել»,- ասաց պարոն Սիրունյանը: Մէկ տողում եւ «գործերով է փող տվել», եւ «պարտքով է տվել»․․․ Ի՞նչ գործերով է այդպիսի հսկայական գումար տրուել մի մարդու, ով ինչպէս յայտարարեց դատարանում՝ ոչ մի աշխատանքով չի զբաղւում։
Իսկ գլուխգործոցն այն է, որ դատարանում այդ վկային կանչելու միջնորդութեանը դէմ արտայատուած կողմը (Սիրունեանը) հանկարծ ասում է. « Ինչ վերաբերում է 100 000 ԱՄՆ դոլարին, եթե դա գործի հետ կապ ունի, թող դատարանը հրավիրի փող տվողին` ցուցմունք տալու: Մենք դրանում խնդիր չենք տեսնում»: Տեսնում էին, եւ այն էլ ինչպէս․․․ Այլապէս ինչո՞ւ իրար անցած դէմ արտայատուեցին։ Թող դրամ տուողը, նրան դրամ ուղարկողը գային դատարան եւ ցոյց տային, թէ քանի անգամ են իրենք աջ ու ձախ 100 000-ներ տուել եւ համոզէին որ դա սովորական կենցաղային մանրուք է․․․ Սիրունեանից բացի դրան որեւէ մէկը կհաւատա՞ր։
Ու մի բան էլ կայ, որի մասին չեմ ուզում գրել, որովհետեւ դրանից յետոյ Սիրունեանը վերջնականապէս կճանաչուի որպէս Սեդրակեանի գործը փչացնող եւ լրիւ կկորցնի նրայ վստահութիւնը իր բոլոր յետեւանքներով։ Իսկ դա իմ նպատակը չէ։ Միայն թէ հասկանայ, որ հանցագործ դրսեւորմների պաշտպանութիւնն ու շատախօսութիւնը բարեկամներ չեն։
Սա էլ ԱՌԱՒՈՏ-ի հրապարակումն է.
Սիրունյանը` Սեդրակյանին պատժելու Հայրիկյանի խելամիտ վարկածի մասին
Կարդացվել է 522 անգամ 1 Մեկնաբանություն Տարածել Տպել 16:42 | Օգոստոս 15 2013
Նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հերքում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի պնդումը, թե 2013 թ. հունվարի 31-ին իր նկատմամբ իրականացրած մահափորձի գործի նյութերում առկա են վկայություններ, որ գործով որպես պատվիրատու հանդես եկող Վարդան Սեդրակյանը 2012թ. նոյեմբերին 100 000 ԱՄՆ դոլար է ստացել որոշակի անձից:
«Պարոն Հայրիկյան, վերջը չպարզեցիր, բա ո՞վ է սպանության պատվիրատուն, ընդունենք Սեդրակյանն է, ինչո՞ւ է արել, Սեդրակյանը շարժառիթ չի ունեցել: Ինչ վերաբերում է 100 000 ԱՄՆ դոլարին, եթե դա գործի հետ կապ ունի, թող դատարանը հրավիրի փող տվողին` ցուցմունք տալու: Մենք դրանում խնդիր չենք տեսնում: Բացի դա, փող տվողը ինչ-որ մեկը չէ, Վարդանի ծանոթն է, որը ոչ Ռուսաստանից է, ոչ «կագեբեշնիկ» է, երեւանցի նորմալ տղա է: Ասում է՝ ես Վարդանին մեր գործերով փող եմ տվել: Վարդանի հետ երկար տարիներ աշխատել են, անկապ մարդ չէ: Եթե չեմ սխալվում, պարտքով է տվել»,- ասաց պարոն Սիրունյանը:
Փաստաբանն ասաց` ինքը չի հիշում, արդյոք նախագահի թեկնածուն օրենքով պարտավորվա՞ծ է փոխառությունների մասին նշել վերջին մեկ տարվա գույքի եւ եկամուտների հայտարարագրում. «Չգիտեմ` Հայրիկյանն ինչ է շահարկում, փող են տվել, թող հարցնեն էդ մարդուն` ինչու ես փող տվել, այ ընկեր: Ես չեմ հասկանում Հայրիկյանի հարցը, թե անպատի՞ժ պետք է մնա Սեդրակյանը: Ուզում եմ հասկանալ` փող վերցնելու համար պե՞տք է պատժվի Սեդրակյանը: Վարդան Սեդրակյանին պատժելու Հայրիկյանի խելամիտ վարկա՞ծն է: Ինչի՞ համար պետք է պատժվի»:
Պարոն Սիրունյանը չցանկացավ մեկնաբանել Պարույր Հայրիկյանի գրությունը, որը պարոն Հայրիկյանը պատրաստվում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին. «Ուղարկում է գրությունը, որ ի՞նչ անի»:
Հիշեցնենք, որ պարոն Հայրիկյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ պատրաստվում է գրություն ուղարկել գլխավոր դատախազին, հայտնելու, որ նախագահի թեկնածու Սեդրակյանը վերջին մեկ տարվա գույքի եւ եկամուտների հայտարարագրում չի ներկայացրել իր ֆինանսական գումարներն ամբողջությամբ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/paruyr.hayrikyan.1/posts/518838021525279?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել