Lurer.com-ը գրում է.

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ արձակած անձը դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոնակ Վարդան Թադևոսյանը։

Հարցին՝ հայտնի է նրա ինքնությունը՝ Թադևոսյանը պատասախանեց․ «Ես չեմ կարող ասել ինքնությունը հայտնի է, թե ոչ, սակայն կան տեսագրություններ։ Գաղտնիությունից ելնելով քննիչներն այդ մասին բան չեն ասում»,- նշեց ՔԿ մամուլի խոսնակը։ 

Թե որն է եղել կրակոցներ հնչեցնելու շարժառիթը, դեռևս հայտնի չէ։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացել է Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի 27-ամյա աղջիկը՝ Դիանա Դարբինյանը, իսկ վերջինիս ամուսինը՝  29-ամյա Վազգեն Մարգարյանը, հրազենային վիրավորում է ստացել։ Վազգեն Մարգարյանը Դարբաս ընկերության տնօրենն է։ 

Հիշեցնենք, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 01:30 սահմաններում, անհայտ անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգով, Երևան քաղաքի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցներ է արձակել նույն վայրում կայանված «Ռենջ ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:

Հարուցվել է քրեական գործ, ձեռնարկվել են միջոցառումներ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու և վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ։ 

Լուսանկարներում՝ ամուսիններ Դիանա Դարբինյանն ու Վազգեն Մարգարյանն են

    
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել