Երևանի աշխարհագրական անուններում արտացոլված են նաև նրա առանձին մասերի տնտեսության բնույթը, բնակիչների արհեստն ու զբաղմունքը։ Այդպիսիներից մեկի՝ Շիլաչիի անունը մեզ հիշեցնում է այդ թաղի արտադրության բնույթը, հին արհեստավորական Երևանը։
Ինչպես հայտնի է, այն ժամանակ գործարան և գործարանային արդյունաբերություն, ներկա իմաստով, չի եղել։ Եղել են առանձին արհեստավորներ, կամ նման տիպի ավելի մեծ ձեռնարկություններ՝ կաշեգործներ, կավագործներ, պղնձագործներ, ներկարարներ և այլ արհեստավորներ։ Դրանցից յուրաքանչյուրը ունեցել է իր շարքը, իր տեղը և իր անվանումը քաղաքի գորւծարար մասում։
Առանձին է եղել նաև շոր ներկողների թաղը։ Ի դեպ, եղել են երկու տեսակ ներկարարներ՝ «բոյախչի» և «շիլաչի»։
Շիլաչի ասելով նկատի են ունեցել արհեստավորների այն շարքը, որտեղ գտնվել են կարմիր գույնով ներկող ներկարարները։
Հետագայում, գործարանային արդյունաբերության առաջացման հետևանքով, բնականաբար «շիլաչի» վարպետները չկարողացան մրցակցության դիմանալ և շարքից դուրս եկան, սերունդներին թողնելով, իբրև հիշատակ, ներկա Շիլաչի անունը։