«Սպասում» արձանի մանրակերտը Ստեփան Թարյանը կերտել է 1930-ականներին՝ գիպսից: Նրա ծննդյան 90-ամյակի առթիվ 1989թ. դեկտեմբերի 29-ին ՀԽՍՀ կառավարությունը որոշեց Օղակաձև զբոսայգում տեղադրել «Սպասում» արձանը: Արձանի ստեղծման աշխատանքները (ձուլում, տեղադրում) իրականացրին քանդակագործի զավակները (Սուրենը և Աննան) և 1999-ին Թարյանի ծննդյան 100-ամյակի առթիվ «Սպասում» բրոնզաձույլ արձանը նվիրեցին քաղաքամայր Երևանին:
«Սպասում» դեկորատիվ արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2000թ. հուլիսի 29-ին Օղակաձև զբոսայգում` Ալեք Մանուկյան փողոցի հարևանությամբ: Բացմանը խոսք ասացին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչը, քանդակագործ Խաչատուր Իսկանդարյանը, քանդակագործի որդին` Սուրեն Թարյանը: 
Այս արձանի գիպսե կաղապարը տեղադրվել է Խարբերդի ճանապարհին: 
2002 թվականին բրոնզաձույլ արձանի ձախ ոտքի մի մասը «մետաղակեր» վանդալները կտրեցին և տարան: Արձանը վերականգնեց ճանաչված դրվագող Ներսես Չարախչյանը Սուրեն Թարյանի նախաձեռնությամբ և միջոներով:
Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը 1,8 մ, քանդակագործ` Ստեփան Թարյան:
Ստեփան Թարյանը (1899-1954) ծնվել է Թիֆլիսում: 1918թ. ավարտել է Թիֆլիսի Գեղարվեստական ուսումնարանը: 1920թ. որմնանկարներ է պատճենահանել Անիում: 1927թ. ավարտել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության բաժինը:
Թարյանը հանդիսանում էր Գ. Սունդուկյանի անվ. թատրոնի նկարիչ-ձևավորողը: Ձևավորել է 51 բեմադրություն («Հրացանավոր մարդը», «Գևորգ Մարզպետունի», «Խաթաբալա», «Քանդված օջախը», «Պեպո», «Քաջ Նազար», «Նապոլեոն Կորկոտյան» և այլն): Ձևավորել է նաև «Գիքորը», «Քրդեր և եզդիներ», «Լոդր», «Կիկոս», «Արևի զավակներ» կինոնկարները:
Նրա գործերից են`
«Քարտաշ», գիպս, 1926թ. Սանկտ-Պետերբուրգի Գեղ. Ակադեմիայի թանգարան
«Նկարիչ Վանո Խոջաբեկյան», դիմաքանդակ, մարմար, 1930թ., ՀԱՊ, Երևան
«Դերասանուհի Մ. Պարոնիկյան», դիմաքանդակ, մարմար, 1945թ., ՀԱՊ, Երևան
«Ա.Առաքելյան», դիմաքանդակ, մարմար, ՀԱՊ, Երևան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել