1in.am-ը գրում է.

Հայաստանում փոխնակ մոր կարգավիճակը սահմանող օրենքը որոշակի սահմանափակումներ ունի. այն տարածվում է ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վրա:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Arni Legal Aid փաստաբանական գրասենյակի նախագահ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ եթե փոխնակ մայրը կամ ամուսինները հանդիսանում են օտարերկրյա քաղաքացի և չունեն մշտական բնակության վայր Հայաստանում, օրենքը նրանց վրա չի տարածվում, այսինքն` անձը չի կարող լինել փոխնակ մայր, իսկ ամուսինները չեն կարող հանդիսանալ ծնողներ: 

«Հայաստանում թույլատրելի է փոխնակ մայրության երեք մեթոդ: Առաջինը արհեստական սերմնավորումն է` ամուսնու կամ դոնորային սերմով. այսպես կոչված՝ սրսկման մեթոդը, որով թույլատրվում է ամուսնու կամ դոնորային սերմը ներպատվաստել կնոջ մոտ, իսկ ծնված երեխան այդ իսկ կնոջ երեխան է»,- ասաց նա: Բաղդասարյանի խոսքերով` այն դեպքում, երբ ամուսինները չեն կարողանում երեխա ունենալ, կնոջ մոտ որոշակի խնդիրներ կան, ամուսնու կամ դոնորի սերմի արհեստական ինսիմացիա է տեղի ունենում, ծնված երեխան իրավաբանորեն պատկանում է այդ կնոջը կամ ամուսիններին, և փոխնակ մոր հետ կապ չունի: Մեթոդներից մեկն էլ ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական բեղմնավորման ու սաղմի ներպատվաստման մեթոդն է և սաղմի սառեցումը, որն այնուհետև կարող է տեղադրվել ինչպես կնոջ, այնպես էլ փոխնակ մոր արգանդում: Երրորդ մեթոդը դոնորական սաղմի ներպատվաստումն է փոխնակ մոր արգանդում: Այս դեպքում արդեն սաղմը կա, ուղղակի ներպատվաստվում է փոխնակ մոր արգանդում: 

«Գործող օրենսդրությամբ` փոխնակ մայրը չի կարող միաժամանակ հանդես գալ դոնոր, այսինքն` տվյալ հանգամանքը բացառում է, որ այսպես կոչված՝ սրսկման միջոցով անձը դառնա փոխնակ մայր»,- ասաց Բաղդասարյանը: 

Փոխնակ մոր կարգավիճակը Հայաստանում սահմանվում է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 2002 թվականի դեկտեմբերի 11-ին: Փոխնակ մայր համարվում է դոնորական սաղմն իր արգանդում կրած կինը, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը: Փոխնակ մայրը բիոլոգիապես այդ երեխայի հետ որևէ առնչություն չունի: Նա ընդամենը կրում է այդ սաղմը, որը պատվաստվում է էկոյի միջոցով: Օրենքը տարիքային սահմանափակում է սահմանում` 18-35 տարեկան: Փոխնակ մայրության համար պահանջվող գումարը պայմանագրային է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել