Սեպտեմբերի 10-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան։
Ֆիլմում նկարահանվել են Սամվել Թադևոսյանը, Տաթեւ Հովակիմյանը, Արևիկ Գևորգյանը, Արտաշես Ալեքսանյանը, Ժան Նշանյանը, Սոս Ջանիբեկյանը, Արման Նշանյանը, Դավիդ Հակոբյանը և ուրիշները: Կոմիտասին մարմնավորել է Սամվել Թադևոսյանը:
Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» պատմական դրաման, ստեղծվել է օսկարակիր պրոդյուսեր և «Կանաչ գիրքը» ֆիլմի համահեղինակ Նիկ Վալելոնգի ու Ասկո Հակոբյանի հետ։
Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև BlogNews.am-ը․ մենք զրուցել ենք ռեժիսորի և դերասանների հետ։
Ֆիլմում ընդգրկված չեն Կոմիտասի կյանքի վերջին տարիները, քանի որ Նշանյանի կարծիքով Կոմիտասը չի խելագարվել, այլ խռովել է աշխարհից և համեստաբար լռել։ Սակայն Արման Նշանյանի նշեց, որ ֆիլմն ամենևին էլ Կոմիտասի մասին չէ։
Ռեժիսոր Նշանյանի խոսքով, ինքը կենտրոնացել է այն բանի վրա, թե ինչպես է հանճարն ապրել։
«Ֆիլմը Կոմիտասի մասին չէ, այն Համիդյան ջարդերի մասին է, այդ դարաշրջանի մասին է, մեր պատմության մասին է, որը աշխարհը պետք է իմանա և ճանաչի Կոմիտասի և իր երաժշտության շնչով։ Կոմիտասը երաժշտության Մեսրոպ Մաշտոցն է, որովհետև նա գնացել է գյուղերից գյուղեր և գրի առնելով պահպանել է մեր երաժշտությունը», - ասաց Նշանյանը։
«Սողոմոնի երգերը» ֆիլմում նկարագրված են Համիդյան սարսափելի ջարդերը, որոնք տեղի են ունեցել 1894-1896 թթ.-ին՝ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի իշխանության ժամանակաշրջանում։ Պատմության հիմքում հայ և թուրք աղջիկների ընկերությունն է, որոնք նախքան Համիդյան ջարդերն ապրում էին կողք կողքի։ «Սողոմոնի երգերը» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Արցախում, Հայաստանում և Վրաստանում։
էկրանային երկարատև դադարից հետո այս ֆիլմում առանցքային կերպարներից մեկով հանդես է եկել դերասանուհի Արևիկ Գևորգյանը: Ֆիլմում նա մարմնավորում է թուրք կնոջ կերպար, ով ամբողջովին տակնուվրա է անում սեփական ճակատագիրը հանուն հայ ընկերների ու նրանց փրկության։
«Կերպարը կերտելիս երբեք չեմ հենվել ազգության վրա, որովհետև կան այնպիսի համամարդկայն արժեքներ, որտեղ ազգությունը լռում է, համենայնդեպս ինձ համար։ Սևիլը ֆիլմում կրկնակի անձնազոհության է գնում, նա կարողանում է գնահատել ընկերությունն ու մարդկային մյուս բարձր արժեքները։ Շատ սիրում եմ Սևիլին ու շատ կապված եմ նրա հետ։ Բոլորիս համար կրկնակի բարդ է լինելու դիտել ֆիլմը, քանի որ այս ընթացքում եղան դեպքեր, որոնց մասին ոչ ոք չի ցանկանա խոսել ու վստահ եմ՝ ֆիլմից հետո էլ շատ երկար չենք կարողանալու դրանց մասին բարձրաձայնել»,-ասում է Արևիկը։
Հայուհու կերպարը ֆիլմում բաժին է հասել Տաթև Հովակիմյանին, ով ընդգծում է, որ ֆիլմում շատ կարևոր մեկ հանգամանք կա․ «Այստեղ շատ կարևոր մի բան կա, հայի ընկերությունը թուրքի հետ, և թուրք, ով փորձում է փրկել հայ ընկերուհուն՝ վտանգելով սեփական կյանքը։ Եվ այստեղ շատ կարևոր ևս մեկ մեսիջ կա, այն է, որ բոլորս՝ անկախ ազգությունից, կարող ենք սիրել որպես մարդ արարած»։
Դերասան Սոս Ջանիբեկյանը մարմնավորում է Սոնայի ամուսնուն, որին դաժանաբար սպանում են հայ լինելու, հայկական մշակույթը պահպանելու համար։
«Ես վստահ եմ, որ հայկական շուկայում այն նոր շունչ, նոր ճաշակ, նոր մտահղացում, նոր աշխարհայացք կբերի։ Ես մարմնավորում եմ հայկական մշակույթը, որն ամենախոցելին է, և որը հենց ինձ հետ փորձում են վերացնել, բայց ի վերջո չեն կարողանում»,-ասաց նա։
«Սողոմանի երգեր»-ում դերասան Արտաշես Ալեքսանյանը ևս թուրքի կերպար է մարմնավորում։
«Շատ դժվար եմ համաձայել նկարահանվել այս դերում, որովհետև սա արդեն իմ երրորդ թուրք կերպարն է: Սցենարը կարդալուց հետո եմ համաձայնել առաջարկին, որովհետև սա բոլորովին այլ կերպար էր: Եթե մինչ այդ ես կերտել էի զինվորականի, գեներալի, այս մեկը շատ ավելի հզոր և վտանգավոր է, որովհետև վերացնում է հայ մշակույթը՝ շատ լավ ծանոթ լինելով հայ մշակույթին, երաժշտությանը»,-խոստովանում է նա։
Ֆիլմում նկարահանվել են նաեւ Ժան-Պիեր Նշանյանը և այլք։ Ֆիլմի գործադիր պրոդյուսերը Կարո Կավուկջյանն է։ Սցենարի հեղինակը Օդրի Գեւորգյանն է։
Հավելենք, որ «Սողոմոնի երգերը» ֆիլմը սեպտեմբերի 10-ից ցուցադրվում է բոլոր կինոթատրոններով։
Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան