Lragir.am-ը գրում է․
Lragir.am-ի զրուցակիցն է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը
Պարոն Մանուկյան, կորոնավիրուսային հիվանդացության առումով ի՞նչ իրավիճակ է։
Բոլորիս պարզ է, որ կորոնավիրուսային վարակով հիվանդների թվի աճ ունենք։ Վերջին մեկ ամսվա ընթացքում կամաց-կամաց թվերի աճ արձանագրվեց, և վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում այդ աճի միտումն ավելի զգալի է։ Այսօր, կարելի է ասել, հիվանդանոցները ծանրաբեռնված են աշխատում։
Արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ Հայաստանում շրջանառվում է «դելտա» շտամը, որն ավելի ագրեսիվ է տարածման տեսանկյունից։ Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս շտամը։
Վերջին շրջանում մենք ունենք հիվանդության ընթացքի զգալի փոփոխություն։ Նախ, կորոնավիրուսային վարակով հիվանդների մոտ տարիքային փոփոխություն ունենք։ Ավելի երիտասարդ տարիքի անձանց մոտ մենք տեսնում ենք բավական արտահայտված կլինիկական ախտանշաններ՝ ծանր թոքաբորբեր։ Նախկինում դա չէր նկատվում։ Մենք սա պայմանավորում ենք նրանով, որ գործ ունենք «դելտա» շտամի հետ։ Երկրորդ կլինիկական փոփոխությունն այն է, որ շատ կարճ ժամանակում կտրուկ զարգացումներ են լինում։ Այսինքն՝ հիվանդը գալիս է հիվանդության թեթև ընթացքով՝ թոքերի 5-10 տոկոս աշխահարմամբ, բայց հաջորդ օրը թոքաբորբը կարող է լինել 80-90 և ավելի տոկոսներով։ Այսինքն՝ մեկ օրվա ընթացքում թեթև կամ միջին ծանրությունից հիվանդը հայտնվում է շատ ծանր վիճակում։ Եվ դա հաճախ է հանդիպում։
Երրորդ առաձնահատկությունն այն է, որ բուժման ընթացքում վիճակի կտրուկ վատացման պայմաններում մենք ունենում ենք բավական բարդություններով դեպքեր և մահեր, և ցավոք, դրանք արձանագրվում են երիտասարդների ու միջին տարիքի անձանց մոտ։
Իսկ ծանր հիվանդները կամ մահացողները խրոնիկ ու ուղեկցող հիվանդություններ ունեցողնե՞րն են։
Վերջին շրջանում հանդիպում են դեպքեր, երբ մարդիկ բացարձակապես ուղեկցող հիվանդություններ չունեն։ Բայց, իհարկե, ծանր դեպքերի գերակշիռ մասը կազմում են խրոնիկ տարբեր հիվանդություններ ունեցողները։ Ես մեկ շեշտադրում ևս կարող եմ անել, որ ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թվում մենք գրեթե չունենք պատվաստված հիվանդներ։ Շատ հազվադապ են լինում դեպքեր, երբ պատվաստված հիվանդները հոսպիտալացվում են։ Եվ դեռ չեմ ունեցել լիարժեք պատվաստում ստացած ծանր վիճակում գտնվող հիվանդ, առավել ևս՝ մահացության դեպք։ Պատվաստում անցած թեթև ընթացքով հիվանդներ հանդիպում են, որոնք տոկոս չեն կազմում։ Ընդամենը մի քանի տասնյակ է եղել այն հիվանդների թիվը, ովքեր եղել են պատվաստված։
Այսինքն՝ ամեն դեպքում հանգում ենք նրան, որ պատվաստումը կանխարգելո՞ւմ է ծանր և ծայրահեղ ծանր դեպքերն ու մահերը։
Այո, միանշանակ այդպես է։ Նախ առաջին հերթին հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների թվի կտրուկ նվազում է լինում։ Եվ, իհարկե, պատվաստումը կանխարգելում է ծանր ու ծայրահեղ ծանր դեպքերը։ Այո, եթե ճիշտ կատարվեն կանխարգելիչ պատվաստումները, միանշանակ մենք կունենանք լրիվ այլ պատկեր։ Ես ուզում եմ հորդորել բոլորին, հատկապես տարեցներին, ովքեր ռիսկի խումբ են, որպեսզի պատվաստվեն։ Այսօր տարեց հիվանդները գալիս են, նրանց թվում չկան պատվաստվածներ։ Եզակի դեպքեր կարող են լինել, որ պատվաստված են։ Մեծամասամբ ասում են՝ վախենում ենք։ Ես հարցնում եմ՝ այսինքն՝ դուք հիվանդանալուց չեք վախենում, պատվաստվելուց վախենո՞ւմ եք։ Վախեցեք հիվանդանալուց, ոչ թե պատվաստվելուց։ Եվ իրականում դա մի քիչ անհասկանալի է, ի՞նչ է նշանակում վախենում ենք։ Այո, միջազգային ու հայաստանյան լրատվամիջոցներում կան հակասական տեղեկություններ պատվաստումների մասին, բայց, կներեք, եկեք փաստերով խոսենք։ Աշխարհում այն երկրներում, որտեղ պատվաստումների ցուցանիշը բարձր է, բավական նվազ են հիվանդացության ցուցանիշները, առավել ևս՝ մահվան ելքով դեպքերը։ Երկրներ կան, որ միգուցե ավելի մեծ թվով են հիվանդները, բայց մահվան ցուցանիշները բավական նվազ են հենց պատվաստման շնորհիվ։
Իսկ «դելտա» շտամի դեպքում ախտանշանների փոփոխություն կա՞։
Հանդիպում են աղիքային հիվանդություններով դեպքեր, բայց դրանք շատ քիչ են։ Բայց ընդհանուր առմամբ գերակշռողը թոքաբորբով հիվանդներն են։ Եվ այսօր, ցավոք, և երիտասարդների, և երեխաների մոտ են հանդիպում թոքաբորբով դեպքերը։ Եվ ուզում են նորից շեշտել՝ երիտասարդների մոտ ծանր ընթացքով դեպքերը բավական շատացել են։ Մենք 18 տարեկանից սկսած ծանր դեպքեր ենք ունեցել։ Իհարկե, քանակական առումով 55-60 տարեկան անձանց մոտ ավելի հաճախ է հանդիպում հիվանդությունը։ Բայց 30-40 տարեկանների շրջաններում ևս հանդիպում են ծանր դեպքեր։
«Դելտա» շտամի դեպքում մահացության ցուցանիշն ավելի բա՞րձր է։
Ոչ, ես չէի ասի, որ մահացության ցուցանիշն ավելի բարձր է։ Կոնկրետ մեր կլինիկայի օրինակով կարող եմ ասել, որ այս շտամի դեպքում մահացության ցուցանիշն ավելի բարձր չէ, քան նախորդ դեպքերում։ Բայց մտահոգիչն այն է, որ հիվանդությունը երիտասարդացել է։ Ինչ վերաբերում է բուժման մեթոդներին, ապա կորոնավիրուսային հիվանդության բուժման գործընթացն անընդհատ կատարելագործվում է, որոշակի փոփոխություններ են լինում, թույլ արդյունավետություն ունեցող նախորդ պրեպարատները փոխարինվում են նորերով։ Վերջին շրջանում հիվանդության սկզբնական փուլում ավելի ակտիվ ենք կիրառում հակավիրուսային պրեպարատներ, որը մեր կլինիկայի գնահատականով՝ լուրջ արդյունավետություն է ապահովում։ Եվ, իհարկե, կիրառում ենք արյան մակարդելիության ցուցանիշները նորմալ պահելու պրեպարատները, կախված կլինիկական ցուցանիշներից՝ հորմոնալ բուժումները և հակաբիոտիկները։
Ես առաջին հերթին մարդկանց խորհուրդ եմ տալիս պատվաստվել։ Դա նախ անկառավարելի վիճակից խուսափելու առաջին գրավականն է։ Մնացած հակահամաճարակային միջոցառումները նույնպես պետք է պահպանվեն՝ դիմակների կրումը, փակ միջավայրերում կուտակումներից խուսափելը։ Արդեն 1,5 տարի է ես ներգրավված եմ այս հիվանդների բուժման գործընթացին, և ցավալի է, որ դեռ կան մարդիկ, ովքեր անլուրջ են վերաբերվում։ Ամեն օր մահանում են մարդիկ, երևի չկա մեկը, ում ծանոթ-հարազատների շրջանում չեն եղել մահվան ելքով դեպքեր։ Էլ ի՞նչ պետք է լինի, որպեսզի մարդիկ սթափվեն ու գիտակից մոտենան այս ամենին։