A1plus.am-ը գրում է.

Ջարդված և վառված աղբամաններ, խոշտանգված նստարաներ և այլանդակված այգիներ: Երեւանի այգիների մեծ մասում այս պատկերն է:

«Ինչ արվում է, գոնե պետք է պահպանել:Նստարանները, որ ետքան մենք պայքարեցինք, որ գոնե նստելու տեղ ունենանք չջարդեք»,-ասում է Մարիաննա Ասրյանը:

Առանց այդ էլ մեր քաղաքը շատ կեղտոտ է , մեր համաքաղաքացիներն էլ ոչինչ չեն անում, որ բարեկարգեն:

Գառնիկ Հարությունյանը, ով խնամում է Գայի արձանի հարակից տարածքը, զարմանում է, որ այգիները ավիրում են նրանք, ում համար այն մշակվում է: Նրա խոսքերով իր տնկած ծաղիկներն այգում լավագույն դեպքում մի քանի օր են ապրում:

«Երեխեքին բերում մտցնում են մեջը, քաշում են երեխեքը, պոկում , մի ծնող չի զգուշացնում , որ այ երեխա, ախր չի կարելի»:

Երեկոյան ժամերին, մի փոքր քամու դեպքում անգամ քաղաքում քայլել այլեւս հնարավոր չէ: Պոլիեթիլային տոպրակները պար են բռնում օդում, երբեմն էլ հայտնվում մարդկանց դեմքին:

Աղբակույտերով հարուստ են հատկապես քաղաքի ծայրամասերը: Մալաթիա-Սեբաստիա տարածքի տոնավաճառի հարևանությամբ խանութի աշխատակիցը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, վստահեցրեց, որ իրենց աղբը օրվա ընթացքում անպայման հավաքում են:Սակայն մեր այցի պահին քամին ավելի շուտ հասավ, քան նրանք կհեռացնեին ողջ օրվա ընթացքում կուտակված աղբը:

Հատկապես սննդի մնացորդներից կուտակված աղբավայրերում օրվա երկրորդ կեսին հայտնվում են թափառող շները:
Իսկ մինչ օրս քանի ՞ քաղաքացի է պատժվել հանրային գույքը վնասելու համար, ՀՀ ոստիկանությունը խոստացավ հայտնել ավելի ուշ:

Հիշեցնենք` քրեական օրենսգրքի 260 հոդվածի համաձայն, որը վերնագրված է Վանդալիզմ՝ հասարակական վայրերում գույքի վնասելը, պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից հարյուրապատիկի չափով, ուղղիչ աշխատանքներով՝ վեց ամսից մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել