Դեռ 2020 թվականի սեպտեմբերի 28-ին դերասան Գևորգ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ գնում է Արցախ՝ պաշտպանելու մեր հայրենիքը:
«В бой идут одни старики! Մեզ բացակա չդնեք»,- գրել էր դերասանը:
Գևորգն առավոտ շուտ մոտոցիկլետով գնացել էր Արցախ, զինվորագրվել, զենք ստացել ու մեկնել առաջնագիծ:
Այժմ Գևորգ Գրիգորյանը գրառում է կատարել՝ նշելով, որ մեկ ամսից կլինի փոքր եղբոր հրամանատարության տակ՝ սահմանին կանգնած։ Դերասանը հրապարակումն անվանել է «բաց նամակ բոլորին, ովքեր իմ պես մոլորվել են, կորցրել հավատը, իմաստը ու հպարտությունը»։
«Բոլորի նման, ես էլ չեմ հասկացել՝ ինչ ունեմ, մինչև չեմ կորցրել։ Ծեծված բառեր են, բայց ապրած ու ճիշտ։ Ունեցել եմ երազանքներ, միշտ եղել եմ շարժի ու աղմուկի մեջ, քամել եմ կյանքս անհոգ, աննպատակ ու անպատասխանատու։ Հայրենիքը սիրել եմ առանց խորության, երգերով, լսած պատմություններով ու գրքերով, առանց էդ բառը զգալու, առանց գինը հասկանալու։
Շուտով կլրանա պատերազմի սկսվելու մեկ տարին, տարի, որ սառել էր անպատասխան հարցերի, ցավի, անվերջ կրկնվող հիշողությունների, սարսափ երազների, ալկոհոլի ու դատարկության մեջ։
Ես փակում եմ այդ տարին, Իմ նոյեմբերի 9-ը վերջանում է։ Այսուհետ ես դադարում եմ լինել պարտված բանակի զինվոր, ես առհասարակ դադարում եմ լինել պարտված, ես ընտրում եմ անվերջ պայքարի ճանապարհը, Ճանապարհ, որմ ինքնին նպատակ ու երազանք է դառնում, որը տեղով իմաստ է։ Կյանք, որը կտրվելուց չի անվանվի «երազանքները կիսատ մնացին»։ Եթե մենք մնանք պարտվածի հոգեբանությամբ, տղեքի զոհը իմաստը կորցնում է, մենք չենք պարտվել, մեզ արյունով դաս է տրվել, ու եթե այդ դասից ոչինչ չքաղենք, համ տղերքն են իզուր զոհվել, համ էլ դատապարտված ենք նորից նույն դասը կրկնելուն։
Հեմինգուեյի «Ծերունին ու ծովը» պատմվածքի մեջ ծերունին ասում է՝ «ես մարդ եմ, դու կարող ինձ սպանել, բայց ոչ հաղթել», ու ես ընտրում եմ այդ ուղղին, Ես հրաժարվում եմ բոլոր նախկին երազանքներից, նպատակներից ու ինչ-որ ապագաներից, մենք ապրում ենք մեր տեսակի համար ամենա աղետալի, ամենա կրիտիկական ժամանակները, ու կողմնակի, անձնական երազանքները ճոխություն են ու միամտություն: Կամ էլ դրանք պիտի լինեն ուրիշ երկրում՝ մոռանալով ու հրաժարվելով մեր փոքր Հայրենիքից։
Ինչևէ, դա էլ է ընտրություն, բայց ոչ իմ համար, փորձեցի բայց չստացվեց, խաղաղ, բայց օտար երկնքի տակ ես ինձ թափառող շուն էի զգում, ու չկա ավելի անպատիվ բան, քան խղճահարություն առաջացնող պարտված, քոչած զինվորը։ Ես հրաժարվում եմ փախնելուց, մազապուրծ լինելուզ, քոչվոր ու անհայրենիք դառնալուց։ Օտարության մեջ ուրիշի հայրենիքում «դզված» լինելուց։ Երբ մեր տանը ուտելիք, չկար ոչ մեկ չէր գնում հարուստ հարևանի տունը ապրելու։
Ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից ում նեղացրել եմ, ում հանդեպ անարդար ու սխալ եմ վարվել, ում հիասթափեցրել եմ, սրանք էլ ուղղակի խոսքեր չեն, ես իմ սխալները բոլորից լավ գիտեմ։ Ես մաքրում եմ ամեն բան իմ կյանքից ինչը հին է, ինչը նպատակի չի ծառայում, ինչը անհրաժեշտություն չէ։ Երբ Ղազանչեցոցի գմբեթին խաչ կդրվի, ես զենքս կդնեմ պահարանի ետևը ու կամուսնանամ այդ գմբեթի տակ, և մի օր էդ զենքը կփոխանցեմ որդուս։ Իսկ հիմա ես կգնամ Հորս ոտնահետքերով և Մորս օրհնությամբ:
Սարսափելի ու աննկարագրելի հպարտություն եմ զգում ծնողներիս ու քուրիկիս համար, որովհետև հերս ինձ ու փոքր եղբորս չի խնայել կռվի ժամանակ, ոչ մի վայրկյան, ամենավտանգավոր ու անհույս գործողություններին միշտ լսել եմ՝ «Գևոր, արի, տեղ ենք գնում»։ Մերս ու քուրս էլ հետ չեն կանչել ու չեն փորձել տունը պահեն ու հիմա էլ տալիս են իրանց օրհնությունը Հայոց Բանակում ծառայության մտնելու համար։ Մեկ ամսից կլինեմ փոքր եղբորս հրամանատարության տակ՝ սահմանին կանգնած։
Իմ 31 ապրած տարիների ընթացքում, վստահորեն եմ ասում, տեսել ու ապրել եմ ամեն ինչ։ Չկա ավելի հզոր զգացողություն քան Հորդ ու հարազատ եղբորդ շունչը կողքիդ զգալը կռվի դաշտում, ու ես ուզում եմ ապրեմ էտ հզոր զգացողությամբ։ ոչ մի մոտո քշել, ոչ մի սիրած ավտոմեքենա, նոր իր, ոչ մի քաղաքացիական զբաղմունք,ոչ մի բան նման կրակով չի լցնում սիրտդ։ Արժի 10 անգամ ապրել, մի անգամ դա զգալու համար։
Ու ես բացում եմ Նոր կյանքի դուռը՝ իմաստավորված ու մտածված։ Հայրենիքը հեռվից չի սիրվում, սրճարանից չի սիրվում, հարբած կենածներով չի սիրվում, նման վերաբերմունքից նույն իսկ կինը կթողնի կգնա, իհարկե, ես ոչ մեկին ոչինչ չեմ համոզում, չեմ սովորացնում կամ պարտադրում։ Բայց հուշում եմ, որ նման սերը շատ թանկ նստեց արդեն ու կկործանի էն ինչ մնացել է։
Մայրերը սգում են իրենց կորցրած որդիներին, բայց կենդանի զավակները պարտավոր են իրենց կյանքով արդարացնեն ամեն թափված արցունքի հատիկ, ամեն կաթիլ թափված արյուն, Եռաբլուրի ամեն մի շիրմաքար։ Կորուստներ միշտ եղել են ու կլինեն, ու դրանք են մեզ դաստիրակում, պարտավորեցնում շարունակել քայլել, կռվել, մեռնել ու ապրեցնել։ Մեր աշխարհը էդպես է աշխատել ու միշտ էդպես է լինելու, ով վարդագույն ակնոցով է նայում կյանքին դատապարտված է հիասթափության, չկա վերջակետ ոչ մի բանին, պայքարը երբեք չի վերջանում։ Մեր գոյամարտը սկսվել է, իսկ էպիլոգը կախված է յուրաքանչյուրիցս։
Հուսով եմ՝ մտքերս կհասնեն տեղ, ում նեղացրել եմ՝ կներեն, ինչ-որ մեկին հետ կպահեն արտագաղթելուց, ինչ-որ մեկին կբերեն հետ Հայրենիք, ինչ-որ մեկին կմտափոխեն ու մենք կհանդիպենք պատահական, սահմանին մի տեղ»,- գրել է դերասանը։