Բժշկական օգնության և սպասարկման կոպիտ խախտումներ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում
Քրեակատարողական ծառայողներն անմիջական մասնակցություն են ունենում ազատությունից զրկված անձանց բժշկական օգնության կազմակերպմանը, տեղյակ են դեղամիջոցների և դրանց չափաբաժինների մասին, ինչպես նաև հասանելիություն ունեն բժշկական գաղտնիք պարունակող մատյաններին:
Արդյունքում՝ քրեակատարողական հիմնարկում գրեթե ողջ վարչակազմը տեղեկացված է, թե ինչ հիվանդություն ունեն ազատությունից զրկվածները, ինչ դեղեր են ստանում ու նույնիսկ կան դեպքեր, երբ տեղյակ են, թե ինչ դեղաչափեր են ցուցված:
Քրեակատարողական ծառայողների անմիջական մասնակցությամբ իրականացվում է նաև «Մեթադոնային փոխարինող բուժման» կազմակերպումը: Երեկոյան ժամերին ազատությունից զրկված անձանց հոգեմետ դեղորայքը տրամադրվում է անվտանգության աշխատակիցների ներկայությամբ:
Մտահոգիչ խնդիրներից է այն, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի բաժանմունքներ ազատությունից զրկված անձանց ընդունումն ու մասնաշենքերում տեղաբաշխումն իրականացվում է քրեակատարողական հիմնարկի անվտանգության համար պատասխանատու ծառայողների ցուցումով՝ հիմնականում հիմք ընդունելով անվտանգության հարցերը: Այդ պատճառով մեծ թվով պացիենտներ պահվում են իրենց հաշվառվման բաժանմունքներից դուրս:
Այս պարագայում դժվարություն է առաջանում ինչպես բուժող բժշկի և բուժանձնակազմի կողմից պացիենտի նկատմամբ արդյունավետ բժշկական հսկողության կազմակերպման, այնպես էլ դեղորայքային բուժման և բժշկական այլ միջամտությունների իրականացման տեսանկյունից: Օրինակ՝ թերապևտիկ բաժանմունքում հաշվառված պացիենտներից զատ՝ այդ բաժանմունքում պահվում են նաև հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ազատությունից զրկված անձինք:
Այս վիճակն անթույլատրելի է: ՔԿՀ-ում, իհարկե, անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց Դատապարտյալների հիվանդանոց ընդունման ու բաշխման հարցերում բժշկական հարցերը չեն կարող անտեսվել:
ՔԿՀ-ում նախնական բժշկական զննությունն իրականացվում է հերթապահ խմբի բժշկական անձնակազմի կողմից խուզարկության հետ համատեղ՝ օրվա հերթապահ պատասխանատուի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողի ներկայությամբ: Երբ անձի ուղեկցումն իրականացվում է ոստիկանության ծառայողների կողմից, նրանք նույնպես ներկա են լինում բժշկական զննությանը:
Բժշկական զննությունն իրականացվում է նաև խմբային ձևաչափով՝ միաժամանակ իրականացվելով ազատությունից զրկված մի քանի անձանց նկատմամբ:
Կան դեպքեր, երբ ազատությունից զրկվածներին նախնական բժշկական զննության է ենթարկում ոչ թե բուժանձնակազմը, այլ խուզարկության ժամանակ քրեակատարողական ծառայողներն են հարցնում՝ արդյոք ունեն վնասվածք կամ գանգատ, թե՝ ոչ:
Ազատությունից զրկված անձանց բուժումն և առանձին բժշկական միջամտություններն իրականացվում են առանց նրանց գրավոր համաձայնության: Այսինքն՝ նրանք առանց իրազեկված համաձայնության ստանում են բուժում, ենթարկվում բժշկական հետազոտությունների և այլ միջամտությունների. բացառություն են կազմում միայն ՄԻԱՎ վարակակիր ազատությունից զրկվածները և հոգեբուժական բաժանմունքում հաշվառված ստացիոնար բուժում ստացողները:
Լուրջ խնդիր է ազատությունից զրկված անձանց մոտ հայտնաբերված վնասվածքների նկարագրությունը, որ իրականացվում է թերություններով: Օրինակ՝ համապատասխան մատյանի «մարմնական վնասվածների առկայություն» սյունակը հիմնականում լրացվում է մեկ բառով՝ «կա» կամ «չկա», բայց կան նաև դեպքեր, երբ բժշկական զննության արդյունքներ ընդհանրապես առկա չեն:
Սրանից բացի, երբ ազատությունից զրկված անձի մոտ արձանագրվում է վնասվածք, այն չի ներառում օբյեկտիվ բժշկական զննության արդյունքների ամբողջական պատկեր. չեն նկարագրվում վնասվածքների հստակ անատոմիական տեղակայումը, գույնը, մակերեսը և վնասվածքը նկարագրող այլ չափանիշներ:
Դիտարկվել են դեպքեր, երբ արձանագրություններում բացակայել է բժշկի եզրակացությունը վնասվածքի օբյեկտիվ նկարագրության և դրա մասին ազատությունից զրկված անձի հայտարարության համադրության վերաբերյալ:
Կոպիտ խախտումներ են արձանագրվել բժշկական փաստաթղթերի վարման հարցում:
Հիվանդության պատմագրում բացակայել են դեղորայքային բուժման նշանակման հիմնավորումները և առողջական վիճակի դինամիկայի նկարագրությունները, առկա են բազմաթիվ ջնջումներ ու բացթողումներ:
Գոյություն չունեն բժշկական փաստաթղթերի պահման և արխիվացման ընթացակարգեր:
Դիտարկված բաժանմունքներում դուրս գրված պացիենտների հիվանդության պատմագրերը պահվում են հենց բաժանմունքներում՝ տարբեր պահարաններում կամ հատակին:
Մշտադիտարկման այցի ընթացքում արձանագրվել են ժամկետանց դեղեր:
Լուրջ խնդիրներ են առկա՝ կապված բժշկական թափոնների հետ, որոնք թափվում են կենցաղային աղբի հետ, ինչն անթույլատրելի է:
Կոպիտ խախտումներով են կիրառվում զսպման միջոցները, որին առավել մանրամասն անդրադարձ կլինի առանձին:
Նկարագրվածը բժշկական օգնությանը վերաբերող խնդիրների փոքր մասն է:
Հիմնական մասը Մարդու իրավունքների պաշտպանն արդեն իսկ ուղարկվել է Արդարադատության նախարարություն՝ համապատասխան առաջարկներով ու պարզաբանումների պահանջով:
Խախտումները մարդու արժանապատվությունն ակնհայտ նվաստացնող են ու անմարդկային վերաբերմունք են:
Անթույլատրելի վիճակ է, անտեսված խնդիրներ են: Այս բոլոր գնահատականների հիմքում կոնկրետ փաստեր են:
Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ արձանագրված խնդիրների լուծման հարցում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=910769119522294&id=100017676420633
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել