Lragir.am-ը գրում է.

Օգոստոսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, որի առիթով մատուցվեց Սբ. Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Սբ. Պատարագի ընթացքում Սրբազան Հայրն անդրադարձավ տոնի խորհրդին և Մարիամ Աստվածածնի առաքինի կերպարին, որը  սրբության ու մաքրության, խոնարհության ու հնազանդության լավագույն օրինակն է ընտանիքի, հայ կնոջ և առհասարակ հայ քրիստոնյայի համար:

 Հավարտ Սբ. Պատարագի` Մայր Տաճարից եկեղեցականաց  թափորն ուղղվեց դեպի Սբ. Տրդատի Բաց Խորան, ուր, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Խաղողօրհնեքի արարողություն: Սբ. Ներսես Շնորհալի Հայրապետի աղոթքի ընթերցումից և հոգեզմայլ շարականների երգեցողությունից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խաղողն ու տարվա ողջ բերքը:

 Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բաշխեց ներկա ժողովրդին` մաղթելով, որ Աստված երկնային շնորհներ հեղի ամենքի կյանքից ներս և բերք ու բարիքի առատության մեջ երջանիկ, ապահով ու անվրդովվ կյանք պարգևի:

 Վերջում միաբան սարկավագներն օրհնված խաղողի ողկույզները բաժանեցին ժողովրդին:

 Հաջորդ օրը` օգոստոսի 19-ին, մատուցվեց հոգեհանգստյան Սբ. Պատարագ` ննջեցյալ հոգիների խաղաղության ու հանգստության համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել