Armeniasputnik.am-ը գրում է․

ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը հանդիպման սկզբում նշել է, որ 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում առաջնային խնդիրներից մեկն Արցախում բնականոն կյանքի վերականգնումն է, ինչի ուղղությամբ արդեն բավականին աշխատանք արվել է, բայց դեռևս մեծ անելիքներ էլ կան։

Նա ընդգծել է, որ զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի։ Ըստ նրա՝ այս ուղղությամբ արդեն կոնկրետ անելիքներ են նշմարվում: Այս հարցում նաև կարևորել է Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիներ գտնելը, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձևավորելուն:

«Իհարկե, հասկանալի է, որ սա ունի բազմաթիվ նրբություններ և կոմպոնենտներ ու մենք պետք է առանց շտապողականության, բայց մյուս կողմից անհրաժեշտ ժամանակում կայացնենք անհրաժեշտ որոշումներ, որպեսզի այս հարցերը կարողանանք լուծել»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը։

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ հետպատերազմյա իրավիճակում միանշանակ հաջողվել է Հայաստանի կառավարության հատկացրած ռեսուրսների հաշվին Արցախում պահպանել կայուն սոցիալական վիճակ:

«Անկախ տեղահանված բնակչության թվաքանակից՝ մենք սուր խնդիրներ չենք ունեցել»,- նշել է Արցախի նախագահը։
Նրա խոսքով՝ թեպետ մինչ այսօր բնակարանային հարցերի հետ կապված խնդիրներ կան, բայց սոցիալական վճարները թույլ են տվել լուծել այն խնդիրները, որոնք տեսնում են:

«Սոցիալական առումով Հայաստանի Հանրապետության կառավարության հասցեական քաղաքականությունը լուծել է այդ խնդիրները, զուգահեռ մենք որոշակի տնտեսական ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման խնդիր ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, ավանդական ճյուղերը, որոնց շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել»,- հավելել է նախագահ Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել