«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա ամիսները բավականին բարդ են լինելու անասնապահությամբ զբաղվող գյուղացիների համար, քանի որ աննախադեպ շոգի ու երաշտի պատճառով առաջ է եկել անասնակերի լուրջ խնդիր։ Բանն այն է, որ երաշտի պատճառով ձմռան համար նախատեսված խոտի համապատասխան քանակ ապահովելու համար խոտհարքներում ներկայումս սպասվածից մի քանի անգամ քիչ խոտ կա, ինչն անգամ կիսով չափ չի ապահովում պահանջարկը, իսկ ներմուծվող անասնակերը թանկ է մաքսատուրքի կիրառման պատճառով։

Արդյունքում, անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի՝ մեկ տուկն արդեն արժե 1500- 2500 դրամ։ Գյուղացիների շրջանում խուճապային տրամադրություններ են, քանի որ մարդիկ բառացիորեն չգիտեն, թե ոնց պետք է ապահովեն իրենց անասունի կերը։

Շատերն արդեն հայտարարում են, որ ստիպված են լինելու ժամանակից շուտ մորթել, ինչն իր հերթին հանգեցնելու է մսի գնի նոր թանկացման։ Սա՝ այն պայմաններում, որ առանց այդ էլ էապես նվազել է անասնագլխաքանակը, որը հանգեցրել է մսամթերքի շոշափելի թանկացման, ինչն այս օրերին նույնիսկ «անզեն աչքով» է նկատելի»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել