Շախմատիստ, միջազգային գրոսմայստեր, աշխարհի կրկնակի չեմպիոն, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, լրագրող:
Ծնվել է Ապարանում (Մուլքի գյուղում): Երկու տարեկան հասակում նրանց ընտանիքը տեղափոխվել է Թիֆլիս և ծննդական վկայականը ստացել է այնտեղից: 1952-ից միջազգային գրոսմայստեր էր: 1959, 1961, 1969, 1975 թթ. եղել է ԽՍՀՄ չեմպիոն, 1963-1969թթ. աշխարհի չեմպիոն` Մ. Բոտվիննիկին (1963) և Բ. Սպասկուն (1966) հաղթելուց հետո: «Շախմատը և փիլիսոփայությունը» աշխատության (1968) հեղինակն է: Լուրջ ներդրում է ունեցել շախմատի տեսության ռազմավարության և մարտավարության զարգացման ասպարեզում:
Ողջ հայ ժողովուրդը, շախմատի աշխարհի չեմպիոնի համար մղվող մրցապայքարի օրերին երկրպագեց ու սատար կանգնեց իր արժանավոր զավակին, իսկ աշխարհահռչակ ծանրորդ Սերգո Համբարձումյանը կամովի ստանձնեց նրա թիկնապահի կենսականորեն շատ անհրաժեշտ պարտականությունը:
Երկու հազար տարի անց Տիգրան Պետրոսյանը «ստիպեց» հողագնդի առաջադեմ մարդկությանը կրկին ակնածանքով արտասանել «Արքա Տիգրան» անունը:
Տիգրան Պետրոսյանը թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը:
«Պետրոսյանը աշխարհի չեմպիոն դարձավ իր շախմատային բացառիկ ձիրքի և ապշեցուցիչ աշխատունակության շնորհիվ: Կարևոր դեր խաղաց նաև Պետրոսյանի տաղանդի նաև մյուս բնորոշ գիծը` հազվագյուտ շախմատային ֆանտազիան, որը նրան թույլ էր տալիս կանխատեսել և ժամանակին կանխարգելել հակառակորդի նույնիսկ ամենակործանարար մտադրությունները»: Գրոսմայստեր Դ.Բրոնշտեյն
Տիգրան Պետրոսյանի կիսանդրին տեղադրվել է 1989թ. իր անունը կրող Շախմատի տան մոտ: 
Արձանի նյութը` բրոնզ, գրանիտ, բարձրությունը` 3 մ, քանդակագործ` վաստակավոր նկարիչ` Արա Շիրազ (տես` Ա.Մյասնիկյանի արձանը), ճարտարապետ՝ Կարլեն Անանյան։
Տիգրան Պետրոսյանի 2-րդ արձանի բացումը տեղի ունեցավ 2006թ. հունիսի 7-ին` հայ շախմատիստների 2006թ. համաշխարհային օլիմպիադայի գավաթը նվաճելուց 3 օր անց, Երևանի Դավիթաշեն թաղամասում, Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակի առթիվ:
Արձանի բացման պատիվը տրվեց Հայաստանի շախմատի հավաքականի տղամարդկանց թիմի ներկայացուցիչներին: Արձանի բացմանը խոսք ասացին Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Հայաստանի շախմատի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Արձանի նյութը՝ բրոնզ, գրանիտ, բազալտ: Ընդհանուր բարձրությունը՝ 5 մ, հուշարձանի հեղինակ Նորայր Կարգանյան:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել