Psymag.am- ը գրում է.

Բոլոր մարդիկ էլ ապրում են ամոթխածության զգացում, բայց որոշ մարդիկ միշտ, մյուսները` միայն որոշ իրադրություններում ու հանգամանքներում: Հաճախ ամոթխածությունը դրսևորվում է նոր և անծանոթ իրադրություններում: Այս դեպքում վերջինս իրադրության ու հանգամանքներին բնորոշ ռեակցիա է, հասկանալի ու տրամաբանական: Հաճախ ամոթխածությունը ուժեղանում է ավելի բարձր սոցիալական դիրք ունեցող մարդկանց հետ հանդիպելիս, պաշտոնական միջավայրում կամ համընդհանուր ուշադրության կենտրոնում հայտնվելիս:
Ամոթխածության սահմանման, վերջինիս ձևավորման պատճառների վերաբերյալ հոգեբանական գրականության մեջ կան տարբեր կարծիքներ և տեսակետներ: Ամոթխածությունը հաճախ դիտարկվում է այլ մարդկանց ներկայությամբ անհարմարություն, անվստահություն, վախկոտություն ապրելու հակվածություն: Ամոթխած մարդիկ դժվարությամբ են նոր ծանոթություններ հաստատում, չեն կարողանում հաճույք ստանալ շփումից: Որպես կանոն, այդպիսի մարդկանց շփման շրջանակը սահմանափակվում է ընտանեկան միջավայրով: Ամոթխածությունը և վերջինիս հետ կապված շփման դժվարությունները հատկապես արտահայտվում են պատանեկության շրջանում: Միաժամանակ մեծահասակներն այն ընդունում են որպես համեստություն կամ փակվածություն: Ամոթխած մարդիկ խմբում մեկուսացած են, հազվադեպ են ընդհանուր զրույցի մեջ մտնում, առավել հազվադեպ են իրենք սկսում խոսակցությունը, ավելի շատ լսում են, քան խոսում, ավելորդ հարցեր չեն տալիս, չեն կարողանում բացահայտ ներկայացնել իրենց կարծիքը, ավելին` պնդել այն: Զրուցելիս աշխատում են ուշադրության կենտրոնից դուրս լինել, քիչ և կամաց են խոսում: Համընդհանուր ուշադրության ժամանակ իրենց կորցնում են, չգիտեն ինչ պատասխանեն: Երբեմն, ամոթխածության բարձր մակարդակի դեպքում մարդը չի կարողանում համարժեք ընկալել իրադրությունը, տրամաբանորեն մտածել, անգամ մոռանում է ակնհայտ բաները: Ամոթխած մարդկանց համար շփումը հաճախ ծանրություն է: Շփման դժվարությունները, որոնք զգում են ամոթխած մարդիկ, հաճախ հանգեցնում են նրան, որ անձը պարփակվում է, ձգտում միայնության, խուսափում սոցիալական շփումներից: Մարդկանց հետ շփվելիս ապրվող լարվածությունը կարող է հանգեցնել նևրոզների զարգացման: Այսպիսի մարդիկ ավելի հաճախ են դեպրեսիայի մեջ ընկնում: Ամոթխած մարդկանց բնորոշ է եսակենտրոնություն, որոշման ընդունման դժվարություն: Ընդհանուր առմամբ, ամոթխածությունը սոցիալական ադապտացիային խոչընդոտող գործոններից մեկն է:

Ամոթխածության ձևավորման վերաբերյալ միմյանց չբացառող տարբեր մոտեցումներ կան.
• անձնային գծերի ուսումնասիրողները վստահ են, որ ամոթխածությունը անհատական առանձնահատկություն է:
• բիհեյվիորիստները կարծում են, որ ամոթխած մարդիկ պարզապես չունեն արդյունավետ հաղորդակցման սոցիալական հմտություններ:
• հոգեվերլուծողները կարծում են, որ ամոթխածությունն անգիտակցական կոնֆլիկտների դրսևորում է:
• որոշ հոգեբաններ ենթադրում են, որ ամոթխածությունը սոցիալական դիրքորոշումներից մեկն է, սոցիալական պայմաններն են մարդկանց ամոթխած դարձնում:
• սոցիալական հոգեբանները ենթադրում են, որ ամոթխածությունը սկսվում է «ամոթխած» պիտակից:

Ամոթխածության պատճառները կարող են ունենալ ինչպես բնածին-գենետիկական ծագում ( այս խնդրի որոշ ուսումնասիրողներ համոզված են, որ ամոթխածությունը փոխանցվում է ժառանգականորեն ), այնպես էլ սոցիալական: Ընդունված մոտեցումներից է այն տեսակետը, որ ամոթխածությունն առաջանում և զարգանում է վաղ տեղի ունեցած բացասական իրադարձությունների արդյունքում: Բացասական կենսական փորձը, անհաջողությունների շարքը նպաստում են, որ ամոթխած վարքը ամրապնդվի: Ամոթխածության արմատները պետք է փնտրել մանկությունում, երբ մարդուն չեն սովորեցրել ընդունել և սիրել իրեն այնպիսին, ինչպիսին կա: Անընդհատ մերժելով և չընդունելով իր Ես-ի որևէ կառույց` ամոթխած մարդն այն թաքցնում է շրջապատողներից: Վերջինիս հիմքում ընկած է վախի այն մտայնությունը, որ շրջապատող մարդիկ կնկատեն ու բացասական արձագանք կտան (քննադատություն, ագրեսիա, ծաղրանք, դժհգոհություն): 
Ամոթխածության պատճառներից է սեփական ուժերում վստահության պակասը: Հոգեբան Ֆ. Զիմբարդոն կարծում է, որ ամոթխածությունը շփոթության հետ է հանդես գալիս: Վերջինս նա համեմատում է իր նկատմամբ հարգանքի սուր, բայց կարճատև կորստի հետ, որը պարբերաբար պատահում է շատ մարդկանց մոտ:
Ամոթխածության պատճառների վերաբերյալ հետաքրքիր մոտեցում ունի հոգեվերլուծող և հոգեթերապևտ Ն. Նարցինը: Նրա տեսանկյունից` յուրաքանչյուր ամոթխած մարդ ունի իր վերահսկողը, որի ազդեցության տակ է անընդհատ գտնվում: Դա կարող է լինել կամ ավագ ընկեր, ուսուցիչ, ծնող կամ մեկ այլ ավելի վստահ և գիտակ մարդ: Եվ նրա նշանակությունն այնքան մեծ է, որ ամոթխած մարդը միշտ զգում է իր կողքին այդ «քննողի» ներկայությունը: Եվ քանի որ վերահսկողն անընդհատ քննադատելու է, ապա հնարավոր գործողություններից ցանկացած եղանակի ընտրությունը վերածվում է տառապանքի: Արդյունքում`ինչ էլ անի, քննողը միշտ դժգոհ է լինելու: Այդպիսի մարդիկ, գտնվելով թվացյալ հսկողության տակ, միշտ կանգնած են գործողության լավագույն եղանակի ընտրության առջև, որն իրենց դժվարությամբ է տրվում, քանի որ իրենց բոլոր բառերն ու արարքները նրանք կասկածի են ենթարկում: Մարդու կյանքում հեղինակավոր մարդու կողմից տրվող անհամարժեք գնահատականի մշտական առկայությունը բացասաբար է ազդում անձի ինքնագնահատականի վրա և նպաստում է անլիարժեքության բարդույթի ձևավորմանը, համապատասխանաբար ուժեղացնում է ամոթխածության դրսևորումը: Արդյունքում` մարդը մտածում է, որ իրենից ոչինչ չի ստացվի, նա անհաջողակ և անկարող է: Իրականում անհրաժեշտ է պարզապես ազատվել անցանկալի ազդեցությունից:
Ամոթխածության պատճառ կարող է լինել սոցիալական տագնապը: Յուրաքանչյուրին ծանոթ է նյարդայնության և անհանգստության վիճակը, որն առաջանում է որոշ իրադրություններում (օրինակ` գրավիչ անծանոթի կամ կարևոր հանդիպման ժամանակ): Այդպիսի զգացումը սովորական ռեակցիա է բարձրության վրա չլինելու, մերժված կամ անհարմար վիճակի մեջ ընկնելու վախին: Մերժված լինելու վախը սովորական երևույթ է, բայց ամոթխած մարդկանց մոտ այն դրսևորվում է ավելի շատ և ինտենսիվ: Սրան նպաստում է նաև կասկածամտության և տագնապայնության բարձր մակարդակը:
Ի. Ս. Կոնը ենթադրում է, որ ամոթխածությունը պայմանավորված է ինտրովերսիայով, ինքնահարգանքի ցածր մակարդակով, միջանձնային կապերի բացասական փորձով: Իհարկե, չի բացառվում նաև, որ հաղորդասիրության և ինքնահարգանքի ցածր մակարդակը հենց ամոթխածության հետևանք լինեն: 
Պետք է ենթադրել, որ ամոթխածության դրսևորումները պայմանավորված են նաև բնավորության առավել ընդհանուր գծի` ինքնավստահություն-տագնապայնություն և Կետտելի 16 հիմնական անձնային հատկություններից H անձնային գործոնի /վախկոտություն-խիզախություն/ արտահայտվածության մակարդակով: Ամոթխածության պատճառներից է նաև անձի շփման, կոմունիկատիվ հմտությունների ու կարողությունների զարգացման ցածր մակարդակը:
Ամոթխածության արտահայտվածության մակարդակը նշանակալի դեր ունի անձի սոցիալական, անվտանգության, ճանաչված լինելու, ինքնադրսևորման պահանջմունքների դրսևորման առանձնահատկություններում: Քանի որ ամոթխածությունն արտահայտում է սոցիումի կողմից բացասական գնահատական ստանալու վախը, ամոթխած մարդիկ, ինքնաիրացման, ինքնադրսևորման խնդիրներ ունենալով, չեն կարողանում իրացնել ինտելեկտուալ ներուժը, իրագործել նպատակներն ու գաղափարները: Ամոթխածության և տարբեր պահանջմունքների փոխահարաբերության մեր ուսումնասիրություններում բացահայտվել են, որ երբ ամոթխածությունը խոչընդոտում է սոցիալական կապերի, միջանձնային հարաբերությունների հաստատմանը, դրական կապեր են արտահայտվում սոցիալական պահանջմունքների հետ: Երբ ամոթխածությունը կապված է ինքնավստահության պակասի, ցածր ինքնագնահատականի, անհաջողությունների հաղթահարման հավատի պակասի, իր ուժերի և ընդունակությունների թերագնահատման հետ, բացասական կապեր են արտահայտվում ճանաչված և հարգված լինելու, ինքնադրսևորման պահանջմունքների հետ: Այդ է պատճառը, որ ամոթխած մարդկանց վարքի և ակտիվության հիմքում ընկած է անհաջողություններից խուսափելու մոտիվացիան: Ամոթխածության դրսևորման, տարբեր պահանջմունքների և անձնային հատկությունների հետ փոխհարաբերության նրբերանգների հաշվառմամբ պարզ է դառնում, որ ամոթխածությունը նաև պասսիվ պաշտպանական մեխանիզմի գործառույթ ունի: Սոցիալական միջավայրի հետ հուզական հավասարակշռության հաստատման գործընթացում այս հատկության նման գործառույթի ստանձնումը հանդես է գալիս` որպես ադապտիվ մեխանիզմ:

Աննա Առաքելյան` հոգեբան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել