Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանի շախմատիստները հաղթանակներով մեկնարկեցին Սոչիում շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի առաջին պարտիաներում հաղթեցին Հայաստանի գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Էլինա Դանիելյանը:

Այսօր տեղի կունենան առաջին փուլի երկրորդ պարտիաները։ Գաբուզյանն ու Մարտիրոսյանը սևերով կխաղան Բիլալ Բելախսենի (Ալժիր) ու Չիտումբո Մվալիի (Մալի) դեմ, Շանթ Սարգսյանը սպիտակներով կխաղա վենեսուելացի Պեդրո Ռեյեսի դեմ:

Երկրորդ փուլում պայքարի մեջ կմտնեն նաև Գաբրիել Սարգսյանն ու Լևոն Արոնյանը, որը դեռ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո:

Առաջին պարտիաներում հաղթանակներ են տարել նաև այլ երկրներ ներկայացնող հայ շախմատիստները` Դավիթ Պառավյանը (Ռուսաստան), Սամուել Սևյանը (ԱՄՆ) և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա):

Նշենք, որ մրցաշարը մեկնարկել է հուլիսի 12-ին և կավարտվի օգոստոսի 6-ին: Եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել հավակնորդների մրցաշարին։

Մրցանակային ֆոնդը կազմում է 1,9 միլիոն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել