Tert.am-ը գրում է.

Նիզամի գյուղի բնակիչները Tert.am-ին ահազանգել են՝ խնդրելով անդրադառնալ իրենց գյուղի խմելու ջրի խնդրին: Գյուղացիները ուշադրություն են խնդրում հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրենց գյուղում խմելու ջրի փոխարեն արտեզյան ջուր է տրվում, ինչը վնասակար է: Ի դեպ, այս խնդիրը, գյուղացիների ներկայացմամբ, բարձրացվել է ամենատարբեր մակարդակներում, հատկապես ընտրությունների նախօրեին պաշտոնյաները՝ պատգամավորներ, մարզպետ, խոստումներ են շռայլել գյուղին, սակայն իրականում ոչինչ չեն ձեռնարկել: Ստորև ներկայացնում ենք մեզ հասցեագրված նամակը:

«Մեկ անգամ ևս բոլորի ուշադրությանն ենք ներկայացնում Արարատի մարզի Նիզամի գյուղի խմելու ջրի հարցը, որը բազմիցս քննարկվել է և՛ նախագահական, և՛ ԱԺ-ի ընտրությունների ընթացքում, և՛ մարզպետարանում: Այս հարցի վերաբերյալ ԱԺ-ի պատգամավորների և մարզպետարանի կողմից տրվել են բավական մեծ խոստումներ, սակայն մինչ օրս անհրաժեշտ միջոցառումներ չեն ձեռնարկվել: Գյուղն օգտվում է արտեզյան ջրերից, որն իրենից ներկայացնում է մեծ վտանգ թե՛ մանուկների, թե՛ մեծահասակների առողջության համար:

Չգիտես ինչու՝ ջրամատակարար ընկերությունները շատ արագ կազմակերպեցին ջրի գնի բարձրացումը, գերազանց կերպով կազմակերպում են դրամահավաքը՝ գյուղացուն մատուցելով առողջության համար ոչ պիտանի ջուր: Այսուհետ խնդրում և պահանջում ենք արձագանքել այս հարցին, իրականացնել միջոցառումներ և տալ համապատասխան լուծում»:

 Նշենք, որ այս հարցն իրականում միայն Նիզամի գյուղի խնդիրը չէ: Վերջին տարիներին մայրաքաղաքում ևս լայն տարածում է գտել բնակչությանը խմելու ջրի փոխարեն արտեզյան ջուր հրամցնելու երևույթը: Ընդ որում, «Երևան-Ջուրը» անհասկանալի տրամաբանությամբ խիստ ընտրողական մոտեցմամբ է լուծում այս խնդիրը. անգամ միևնույն թաղամասի սահմաններում մատակարարվող ջրի որակը ծայրաստիճան տարբեր է: Օրինակ, Զաքյան փողոցի մի հատվածում բնակչությանը մատակարարվում է Գառնու սառնորակ ջուր, մինչդեռ հիշյալ հատվածից բառացիորեն մի քանի մետր այն կողմ՝ Խորենացու փողոցի բնակելի հատվածում, ծորակի ջուրը խմելն անհնար է:

 Նույնը նաև Ներքին Շենգավիթում է, որի բնակիչները ևս Tert-am-ին ահազանգել էին՝ հայտնելով, որ նախկինում իրենց մատակարարվում էր որակյալ ջուր, մինչդեռ ամիսներ առաջ հերթական անջատումից հետո «անակնկալ» մատուցվեց և պարտադրվեց ոռոգման ջրի որակական հատկանիշներ ունեցող ինչ-որ հեղուկ:

 Այս համատեքստում վերջին թանկացումների ֆոնին «Երևան-Ջուր» ընկերության կողմից հնչող հավաստիացումները, թե իրենք ջրի գինն իջեցրել են, պարզապես ծաղր է բնակչությանը՝ հաշվի առնելով այն, որ, փաստորեն, նման գնով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա իրականում վաճառվում է ոռոգման ջուր: Ի դեպ, որոշ հատվածներում կիրառվում են նաև, այսպես ասած, «առաջադեմ տեխնոլոգիաներ»՝ արտեզյան ջուրը խառնում են որակյալ ջրի հետ, և տպավորություն փորձում ստեղծել, թե փոքրիշատե նորմալ ջուր է մատուցվում:

 Այս ամենը հաշվի առնելով՝ ավելի քան տրամաբանական հարց է առաջանում, թե «Նաիրի երկրում» այդ դեպքում ու՞մ համար են Գառնիի, Արզնիի, Ապարանի և մյուս սկզբնաղբյուրների սառնորակ ջրերը, ու՞ր են հոսում դրանք: Ինչու՞ է ազգաբնակչությանը հետևողաբար պարտադրվում գնել խանութներում և տարատեսակ ընկերությունների կողմից վաճառվող թորած ջուր, երբ Հայաստանի՝ հանքային նյութերով, աղերով և համային որակական բարձր հատկանիշներով օժտված «հայրենիքի ջուրը» որևէ համեմատության մեջ չի կարող դրվել ցանկացած երկրի ցանկացած որակի ջրի հետ:

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել