LloydsPharmacy ընկերության մասնագետներն ուսումնասիրության ընթացքում պարզել են, թե ինչի կվերածվի մարդը, եթե համաճարակը և դրան համապատասխանող սահմանափակումները շարունակվեն ևս 5 տարի։

Ըստ մասնագետների՝ նման ժամանակահատվածում էականորեն կմեծանան շանսերն ավելորդ քաշ հավաքելու։ Նման եզրահանգման գալ թույլ է տվել վիճակագրությունը, համաձայն որի՝ վերջին տարում ավելորդ քաշին վերաբերող հարցերով մարդիկ բժիշկներին դիմել են մեկուկես անգամ ավելի։ Անպատկերացնելի է, թե նման դիմումների թիվը քանի անգամ կավելանա 5 տարում։

Ցավալի հետևանքներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս օրական առնվազն 30 րոպե հատկացնել ֆիզիկական վարժություններին։ Դա կօգնի պահպանել առողջությունը, եթե անգամ օրվա հիմնական մասն անցկացնում եք տանը։

Մեջքի խնդիրներ և ցավեր ևս շատերի մոտ են առկա։ Այս կապակցությամբ գիտնականները նախազգուշացնում են. աթոռը բազմոցով, իսկ սեղանը ծնկներով փոխարինելը շատ վատ միտք է։ Գրասենյակային կահավորումը տանը մահճակալով փոխարինելով վտանգի տակ եք դնում Ձեր ողնաշարը։

Իսկ համաճարակի վերաբերյալ չդադարող վատ նորությունները բարձրացնում են մարդկանց մոտ խուճապի մակարդակը, ինչն էլ, բնականաբար, իր հետևանքներն է թողում օրգանիզմի բոլոր համակարգերի վրա։ Վատանում է քնի որակը, խնդիրներ են առաջանում մարսողության հետ կապված, հաճախանում է պուլսը։ Հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար գիտնականները խորհուրդ են տալիս տեղեկատվական դետոքսներ հաճախ կազմակերպել, կամ էլ, առհասարակ, առանց հատուկ անհրաժեշտության չկարդալ լուրերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել