Վերջին օրերին կրկին Արցախի սահմանապահ մի քանի համայնքներում էի` Մարտունի, Ճարտար, Աղավնո։
Այստեղից անզեն աչքով կարող ես տեսնել թշնամու տեղաշարժը, բնականաբար, լինել նաև թշնամու դիտարկման տակ։ Բայց այստեղ հայերը ապրում են համառորեն, քանի որ լավ են հասկանում` Արցախը կդադարի մերը լինել, երբ այնտեղ հայերի թիվը պակասի և վերջանա։
Արցախի Աղավնոյում Վարդավառի տոնին նայում էի տեղացիների ժպտացող աչքերին ու հասկանում, որ նրանց ուրախությունը լիարժեք չի։ Ընդամենը ամիսներ առաջ այստեղից զոհեր են եղել, հիմա էլ նույն անհոգությունը չի, ինչ պատերազմից առաջ։ Երեխաները գետում լողում ու ջրում են իրար, մեծերն էլ կատակում են ու համեստ սեղան դնում, բայց բոլորն էլ առանց խոսքի նույն միտքն ունեն` սա ուղերձ է թշնամուն, որ երբեք, երբեք չենք թողնի մեր հողը հայրենի։
Ես էլ դրա համար էի գնացել Աղավնո։
Հենց դրա համար եմ հաճախ գնում Արցախ, որ միշտ լինեմ այնտեղ ապրող մեր հայրենակիցների կողքին, ոգի տամ նրանց, աշխարհով մեկ հայ ազգին ու նաև ամեն ինչ առևտրի առարկա դարձնող միջազգային հանրությանը ցույց տամ, որ Արցախը ծնկի չի գա, կարող ենք փոքրանալ, բայց շարունակել ապրել և ուժեղանալ, հետո նորից կմեծանանք, չկասկածեք, երբեք չկասկածեք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158401468608831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել