Asekose.am-ը գրում է.

BBC լրատվականի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում գերության մեջ գտնված և հայրենիք վերադարձած զինծառայողների մասին։ Լրատվամիջոցը զրուցել է նրանց և հարազատների հետ։

Պարբերականն արձանագրում է, որ չնայած Լեռնային Ղարաբաղում պատերազմն ավարտվել է, բայց մի քանի տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր հայ զինծառայողներ շարունակում են մնալ Բաքվի բանտերում։

Նրանցից ոմանք ԿԽՄԿ-ի ջանքերով հարազատների հետ կապի են դուրս գալիս՝ հիմնականում նամակագրությամբ։ Գրում են, որ իրենց հետ ամեն ինչ կարգին է, բայց նրանք, ում բախտ է վիճակվել վերադառնալ, պատմում են մշտական ծեծի ու անմարդկային վերաբերմունքի մասին։

«Բարև, իմ սիրելի ընտանիք։ Նամակը ստացա ու շատ ուրախացա, որ ամեն ինչ լավ է։ Սիրելիներս, իմ հետ ամեն ինչ լավ է։ Պապ ջան, թանկագինս, չհուսահատվես։ Որդիդ իրեն լավ է զգում։ Հետևիր առողջությանդ։ Մամ ջան, իմ սիրելի, թանկագին մայրիկ, ոչ մի վայրկյան չհուսահատվես, շատ չանհանգստանաս»։

A4 ֆորմատի թղթի վրա գրված նամակը հայերեն է՝ 2021 թվականի մայիսի 25-ին է գրվել։ Ուղարկողը Սեդրակ Սողոմոնյանն Է։ Նամակում նշված չէ ոչ փոստային հասցե, ոչ հեռախոսահամար։ Ուղարկողն անազատության մեջ է՝ Բաքվում, իսկ նամակը ստացողը ՝ Սամվել Սողոմոնյանն է՝ հայրը։

Նամակի վերևի աջ հատվածում սխեմատիկ նկարված յոթ մարդ է՝ միմյանց ձեռք բռնած։ Ստորագրությունն էլ ռուսերեն է՝ «Կարմիր Խաչ. Ընտանեկան կապերի վերականգնում»։

«Պապ ջան, խնդրում եմ, անպաման գնա մեր եկեղեցի ու մոմ վառի»,- նամակի վերջում խնդրում է Սեդրակը։ Մայրը՝ Թեհմինեն, ամեն օր մոմ է վառում որդու համար և աղոթում Լանջիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

26-ամյա Սեդրակ Սողոմոնյանը տանն էր, երբ Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի մասին հռչակագիր են ստորագրել, գյուղում հորն էր օգնում ապրուստի միջոց վաստակելու համար։

«Հետո զանգահարեցին։ Դիրքերում հերթափոխ էր: Այնտեղ՝ սահմանին, ամեն մեկը հսկում է իր տարածքը: Նրանք նաև ուզում էին վերցնել կրտսեր որդուս, բայց ես նամակ գրեցի, որ չի կարելի միաժամանակ երկու մարդ տանից տանել», — պատմել է Սեդրակի հայրը՝ Սամվելը:

Վերջին անգամ հայրն ու որդին հեռախոսով զրուցել են դեկտեմբերի 13-ին, 16։00-ի սահմաններում: Սեդրակն ասել է, որ իրենց փոխարինելու են եկել և որ շուտով կվերադառնա տուն: Դրանից հետո կապը խզվել է:

«Առավոտյան իմացանք, որ ադրբեջանցիները շրջապատել են: Ասել են` տղերք, զենքերը վայր դրեք և դուրս եկեք, մենք ձեզ կհանձնենք մոտակայքում կանգնած ռուսներին: Բայց չեն հանձնել, խաբել են», — պատմել է Սամվել Սողոմոնյանը:

Սողոմոնյանն ու մյուսները Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղում էին։ Կապն ընդհատվել է։ Ըստ պայմանագրի՝ նոր սահմանագծում պետք է ռուս խաղաղապահներ լինեին: Սակայն շփոթություններ են եղել: Հայերը շարունակում էին իրենց զինվորներին փոխարինել գյուղի մերձակայքում գտնվող հենակետում:

Նույն ժամանակ գյուղին մոտեցել են ադրբեջանցիներ և նշել, որ տարածքն իրենց է պատկանում: Հայերը չեն համաձայնել: Հրաձգություն է սկսվել: Ադրբեջանը տեղի ունեցածն անվանեց հակաահաբեկչական գործողություն: Այժմ Բաքուն ձերբակալվածներին անվանում է «զինված խմբավորման անդամներ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել