Յուրաքանչյուր մարդ սաղմնային շրջանում օժտվում է սեռով՝ քրոմոսոմների հարաբերակցությամբ։ Այդ հարաբերակցությունն է, որ ստիպում է անհատին դրսևորել վարքագիծ՝ ելնելով նրա ֆիզիոլոգիական հատկություններից։ 

Մարդու ուղեղի և մարմնի առանձնահատկությունները ստիպում են նրան դրսևորել համապատասխան վարքագիծ արտաքին միջավայրում։ Սոցիումի մոտեցումները «կին» և «տղամարդ» հասկացություններին ձևավորվել են միայն և միայն բնության կողմից տրված առանձնահատկությունների հիման վրա։ 

Օրինակ՝ հասարակությունը տղամարդուն համարում է ընտանիքը կերակրող, ընտանիքը պաշտպանող, հայրենիքը պաշտպանող, որովհետև տղամարդը օժտված է ֆիզիկական այնպիսի տվյալներով, որով նա անցյալում կարողանում էր գնալ որսի, արագ վազեր, որևէ առարկայով հարվածեր կենդանուն կամ թշնամուն, դիմակայեր ցրտին, շոգին։ 

Այժմ այդ նույն տղամարդը կարողանում է բարձրացնել տարբեր ծանր առարկաներ, աշխատել շինարարությունում, դիմակայել աշխատանքային տարատեսակ դժվար պայմաններին, վարել պատերազմներ բնակլիմայական տարբեր պայմաններում, օգտագործել տարատեսակ զինատեսակներ, որոնք նույնպես ուժ են պահանջում, և կատարել մի շարք այլ դժվար գործողություններ։

Սակայն այժմ ուժգին թափով առաջ է բերվում այն հասկացությունը, որ տղամարդը դրսևորում է իրեն որպես տղամարդ, իսկ կինը` որպես կին, որովհետև հասարակությունն է նրան ստիպում այդպես դրսևորվել, և դա նրանց ֆիզիոլոգիական հատկությունների հետ ոչ մի ընդհանրություն չունի։ Այսինքն` այս կամ այն սեռի ներկայացուցիչը դրսևորում է իրեն արտաքին աշխարհում համապատասխան իր սեռական, ֆիզիոլոգիական հատկանիշների ոչ թե այդ հատկանիշներից ելնելով, այլ սոցիումի պարտադրանքով։ 

Որոշ ոչ իրազեկ անհատներին կամ դեռահասներին տվյալ մոտեցումը կամ «տրամաբանությունը» կարող է լինել ընկալելի, նաև շատ դեպքերում ընդունելի։ 

Իհարկե, մարդ արարածը օժտված է բանականությամբ, և յուրաքանչյուր մարդու կողմից ամեն երևույթ ուսումնասիրվում է, գնահատվում է, փորձարկվում է, սակայն սա այն դեպքը չէ, որ կարելի է փորձարկել։ 

Տղամարդու և կնոջ տարբերությունը, ինչպես նաև կենդանական ոչ բանական աշխարհում էգ և արու ներկայացուցիչների տարբերությունը փորձարկման կամ փոփոխման ենթակա չեն, դա թեորեմ չէ, այլ դոգմա, և դա հասկանալու համար հարկավոր է ուսումնասիրել և փորձարկել շատ այլ երևույթներ։

Կենդանական աշխարհում գրեթե բոլոր տեսակները օժտված են երկու սեռով։ Յուրաքանչյուր տեսակ, որը օժտված է երկու սեռով, ապահովում է իր տեսակի շարունակությունը միայն արական սեռի կողմից իգական սեռի բեղմնավորմամբ։ 
Այս երևույթը այն հիմնարար սզկբունքն է, որը ապահովում է կյանքի գոյությունը այնպիսով, ինչպիսով այն կա այս պահին Երկիր մոլորակի վրա։

Ինչու՞ է անթույլատրելի այդ հիմնարար սկզբունքի, դոգմայի վերանայումը կամ փորձարկումները այդ ուղղությամբ։

Այստեղ հարցը բնավ տղամարդու որս անելու կամ կնոջ քնքշության մեջ չէ։ «Սեռ» հասկացությունը վերանայողների նպատակը աշխատանքի, պարտավորությունների բաշխման, հավասարաչափ իրավունքների ապահովման մեջ չէ նաև։ 

«Սոցիալական սեռ» երևույթը մշակողները և շրջանառության մեջ դնողները նպատակ են հետապնդում ներմուծել անհատի մտածողության մեջ այն երևույթը, որ յուրաքանչյուր մարդ արարած սեռական ակտ է կատարում հակառակ սեռի ներկայացուցչի հետ այն պարզ պատճառով, որ հասարակությունն է, սոցիումն է նրան ստիպում մտածել, որ սեռական ակտ կատարվում է միայն հակառակ սեռի ներկայացուցչի հետ կամ միայն մարդ արարածի հետ։ 

Իհարկե, այս երևույթը միշտ քողարկված կերպով է մատուցվում «Սոցիալական սեռ» հասկացությունից անտեղյակ անհատին։

Նախևառաջ «Սոցիալական սեռ»-ը մատուցվում է որպես կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների քաղաքականություն կամ հայեցակետ կամ որևէ այլ նմանատիպ ձևակերպում։ Այդ ձևակերպումների մեջ արծարծվում են տարատեսակ խտրականություներ, որոնք անթույլատրելի են ժամանակակից հասարակություններում։ Հետո խտրականությունները սկսում են ընդլայնել իրենց աշխարհագրությունը և սկսում են առնչվել բոլոր կեսնական ոլորտներին։

Այն բանից հետո, երբ խայծը արդեն սկսում է աշխատել, այդպես ասած հավասար իրավունքների ջատագովները անցնում են հաջորդ փուլ, որտեղ անհատին բացատրում են, որ սեռական խտրականությունը արդյունքն է այն երևույթի, որ այս կամ այն սեռի ներկայացուցչի վարքագիծը սոցիալապես է ձևավորվել։

Այստեղ արդեն գալիս է ժամանակը, որպեսզի ասպարեզ դուրս գա «սոցիալական սեռ»-ը կամ օտարալեզու «գենդեր» բառը։ Այսինքն` եթե խտրականությունը առաջացել է այն հիմքով, որ սոցիումը կնոջը ստիպում է լինել կանացի և ենթարկվել իր ամուսնուն, ուրեմն սոցիումն է ստիպել կնոջը լինել կին, այն էլ՝ կանացի և ամուսնուն ենթարկվող։ 

Ուրեմն կինը պետք է իրավունք ունենա (սոցիումը չպետք է արգելի) չլինել այնպիսին, ինչպիսին նա կա այժմ, և կինը պետք է ունենա հնարավորություն ցանկության դեպքում լինել առնական կամ դրսևորել տղամարդկային վարքագիծ։ Եվ հակառակը՝ եթե տղամարդը ունի որոշակի պարտավորություններ, որոնք սոցիումն է նրան պարտադրում ունենալ, նա չպետք է ենթարկվի դրանց և ցանկության դեպքում կարող է հանդես գալ որպես կին։

Այսպիսով, սոցիալական սեռը կամ գենդերը փորձում է վերանայել Երկիր մոլորակի վրա գոյություն ունեցող կյանքի մոդելը՝ արական + իգական= տեսակի շարունակություն։ 

Այդ տրամաբանությամբ կարելի է մոտենալ առկա իրականությունում գոյություն ունեցող բոլոր երևույթներին, օր.՝ պնդել, որ արևը արև է, քանի որ սոցիումն է այդպես կարծում, սակայն իրականում արևը լուսին է, և մարդը հարկ եղած դեպքում արևին լուսին պետք է անվանի, կամ կանաչ գույնը կանաչ է, որովհետև կրկին սոցիումն է այդպիսի մոտեցում ձևավորել, բայց իրականում պետք է թույլ տալ մարդկանց մտածել, որ կանաչը կարմիր է։

Իհարկե, սա անհեթեթ և փակուղի տանող ճանապարհ է, քանի որ որքան էլ մենք պնդենք, որ տանձը տանձ չէ, այլ խնձոր, միևնույն է, դրանից տանձը խնձոր չի կարող դառնալ։ Աստված տանձը ստեղծել է տանձ, արևը՝ արև, իսկ կենդանիներին` արական և իգական տեսակի։ 

Սակայն հարկավոր է նշել, որ այդ փակուղին հենց նրանց համար է, ովքեր այդ տրամաբանությունը համարում են ճշգրիտ, և այդ փակուղուց դուրս գալու միակ ճանապարհը գիտելիքների պաշարն է՝ հասկանալու համար, որ գոյություն ունեն ճշմարտություններ, որոնց հերքումը ոչնչացնում է միայն հերքողին, բայց ոչ մի դեպքում չի փոխում այդ ճշմարտությունը։ 

Տգիտությունն է ամենամեծ արհավիրքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել