«Մեղրիի գնդի արդեն նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գևորգյանը, ով ընտրություններին ընդառաջ հեռացվեց ծառայությունից, պատրաստ է անգամ երկրից հեռանալ: Թե ինչն էր իրականում նրան ծառայությունից հեռացնելու պատճառը, ինչ կարոտով է հիշում իր համար տուն դարձած զորամասը և այլ ուշագրավ մանրամասներ «Իրավունքը» փորձեց պարզել անձամբ գնդապետ Գևորգյանից, ով, անդրադառնալով հեռացման պատճառներին, հետևյալ պարզաբանումը ներկայացրեց.
-Ինձ ազատել են զուտ նրա համար, որ ես Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի հարազատ ընկերն եմ: Ասում էին՝ դու քաղաքականությամբ ես զբաղվում, բայց ես չեմ զբաղվել: Եթե զբաղվեի, վախեցող տղա չեմ, կասեի զբաղվել եմ, լավ եմ արել:
- Դուք ասում եք, որ չեք զբաղվել, բայց այլ հրամանատարներ զբաղվե՞լ են:
- Ես չեմ կարող ասել, ես կարող եմ ինձ համար պատասխան տալ: Ինձ համար շատ վիրավորական է, որ ինձ այսօր անգամ ընդունման-հանձնման համար զորամաս չեն թողնում մտնել:
- Ո՞վ չի թողնում:
- Ոստիկանությունը, որոնց ներկայացուցիչները կռվի ժամանակ փախեփախ էին արել: Այդ նույն ոստիկանությունն ինձ արգելում է իմ զորամաս մտնել: Այն զորամասը, որը ոտքի է կանգնեցվել թե՛ ֆինանսական, թե՛ այլ առումներով իմ հրամանատար նշանակվելուց հետո:
- Պարո՛ն Գևորգյան, որտեղի՞ց իշխանություններին նման համոզմունք, որ Դուք խառնվում եք քաղաքականությանը:
- Չգիտեմ, իշխանություններն ասում են, որ ես չարիք եմ եղել: Չգիտեմ՝ ինչի համար, իրենց հարցրեք:
- Հիմա ինչո՞վ եք զբաղվելու:
-Այս պահին չգիտեմ, թե ինչով եմ զբաղվելու: Ծնողներս ԱՄՆ-ում են, իրենք են ինձ ֆինանսավորում, որ ընտանիքս պահեմ: Կարող են հաշվեհամարներով ստուգել, որ իմ ծնողներն են ինձ օգնում, որ ապրեմ: Թե չէ իրենց տված 460 հազարով չէի ընտանիքս պահում:
Ես հպարտ եմ, որ Նժդեհի բախտին արժանացա, ոչ թե Ագարակի գնդի նախկին հրամանատար Ղևոնդ Հովհաննիսյանի: Բոլորը գիտեն, թե ով է Ղևոնդը ու ինչ ճակատագրի արժանացավ:
Ես մաքուր զինվորական եմ, քաղաքականությունով էլ երբեք չեմ զբաղվել ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր թևում: Իմ պայքարն այն էր, որ Մեղրի թուրքը ոտք չի դնելու:
- Պարոն Գևորգյան, որպես հմուտ զինվորական, ըստ Ձեզ, ինչո՞ւ 44- օրյա պատերազմը նման արդյունքներով ավարտվեց:
-Ես ի վիճակի չեմ որպես զինվորական այդ հարցին պատասխանել: Ես մենակ մի բան կարող եմ ասել՝ մեր բանակը պարտվող բանակ չէր: Մեր բանակի դեմ 12 պետություն է կռվել:
-Իսկ Շուշին կարող էի՞նք պահել՝ ըստ Ձեզ:
-Շուշին միշտ էլ կարողացել ենք պահել, ուղղակի չգիտեմ, թե ինչ արեցին, ոնց արեցին: Էդ սաղ հարցերը իշխանություններին տվեք»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։