Aysor.am-ը գրում է.

Օրերս 1in.am լրատվական կայքն անդրադարձել էր նորաբաց հայկական մի պոռնոկայքի, որը գրանցված է com տիրույթում: 

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածով պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելը համարվում է քրեորեն պատժելի արարք, որի համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-400-ապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: 

Aysor.am-ը իրավապահ մարմիններից փորձեց պարզել՝ արդյոք com տիրույթում գրանցված կայքը վերահսկելի՞ են Հայաստանում:

Ոստիկանության լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ վերահսկելի են այն բոլոր կայքերը, որոնք հասանելի են Հայաստանում և եթե նման կայք իսկապես գոյություն ունի, ապա այն իրավապահ մարմինների տեսադաշտում է, անկախ այն բանից, որ գրանցված է com դոմեյնով: 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ եթե կայքը գրանցված լիներ am դոմեյնով, ապա անմիջապես կփակվեր, մինչդեռ com տիրույթում գրանցված կայքերը վերահսկել զգալիորեն ավելի բարդ է.

«Բացի այդ, վերահսկելը այս դեպքում մի փոքր անիմաստ է, քանի որ եթե նման կայքերը հասանելի չլինեն հայկական տիրույթում, միևնույն է՝ ամբողջ աշխարհում դրանք կան: Դա կլինի մի կաթիլ օվկիանոսում: Այլ հարց է, եթե խոսքը գնար մանկական պոռնոգրաֆիայի մասին, դա արդեն քրեորեն պատժելի արարք է, բայց այս դեպքում վերահսկողությունն ավելի շատ ձևական եմ համարում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել