Հոլանդացի և ֆրանսիացի գիտնականները փորձ են իրականացրել, որի շրջանակներում մարդու ուղեղում հայտնաբերել են հատուկ «ժամանակի բջիջներ», որոնք պատասխանատու են հիշողությունների ճշգրիտ հաջորդականության համար։ 

«Ժամանակի բջիջները» նեյրոններ են, որոնք կոդավորում են տեղի ունեցածի մասին ինֆորմացիան այնպես, որ մարդը հետագայում կարողանա հիշել իրադարձությունների հաջորդականությունը։ Նախկինում գիտնականները նման բջիջներ հայտնաբերել էին նաև առնետների ուղեղում․ դրանք պատասխանատու էին հիշողությունների, ինչպես նաև պլանավորման համար։ 

Նեյրոկենսաբան Լեյլա Ռեդիի գլխավորությամբ հետազոտողների խումբը հետևել է դեղակայուն էպիլեպսիա ունեցող 15 հիվանդի ուղեղների էլեկտրական ակտիվությանը։ Հետազոտության մասնակիցների ուղեղներում միկրոէլեկտրոդներ են տեղադրվել, որոնք բժշկության մեջ օգտագործվում են էպիլեպսիայի նոպայի աղբյուրի որոշման համար։ Դա նշանակում է, որ էլեկտրոդներն առաջին հերթին օգտագործվել են բժշկական նպատակներից ելնելով, այլ ոչ պարզապես «ժամանակի բջիջներն» ուսումնասիրելու համար։ 

Փորձի ընթացքում մասնակիցներին որոշակի հաջորդականությամբ լուսանկարներ են ցույց տրվել, որոնց հերթականությունը հարկավոր էր հիշել։ Էլեկտրոդները ֆիքսել են նեյրոնները, որոնք աշխատել են այն պահերին, երբ ցուցադրվել են լուսանկարները, դրանց միջև ընկած ժամանակահատվածներում և երբ մասնակիցներին խնդրել են նշել, թե որ լուսանկարը պետք է լինի հաջորդիվ։ 

Այդ նեյրոնների ակտիվությունը ձևափոխվում է ժամանակային կտրվածքով։ Որոշները գործել են պատկերները հիշելու կամ վերարտադրելու ընթացքում, մյուսներն ակտիվ են եղել առանց արտաքին ազդակների առկայության։ Հավանական է, որ դրանք կարող են կոդավորել ժամանակի ընթացքը ևս, անգամ երբ ոչ մի հատուկ բան չի կատարվում։ 

Գիտնականները նաև հայտնել են,ո ր «ժամանակի բջիջները» բազմաչափ են։ Դա նշանակում է, որ դրանք ունակ են կոդավորելու ոչ միայն ժամանակին վերաբերող ինֆորմացիան, այլև արձագանքելու տարատեսակ սենսորային տեղեկություններին ու ազդակներին։ Ուսումնասիրողները ենթադրում են, որ այդ կերպ բջիջները գրանցում են իրադարձության մասին ինֆորմացիան և պատասխանում «ով, որտեղ, երբ» հարցերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել