Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում (անդամ երկրներից մեկի վրա)։ Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ։ Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով», – ասել է նա։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ՝ հակամարտության սրացում չի նկատվում։

«Ստիպված չենք խոսել այն մասին, որ հիմա իրավիճակն ինչ-որ կերպ սրվում է։ Չի վատանում՝ սա արդեն լավ է, արդեն արդյունք է։ Առջևում շատ աշխատանք կա հենց սահմանի, այդ վիճելի հարցի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ»,- ընդգծել է Զասը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ այն բանից հետո, երբ մայիսին Հայաստանը դիմեց ՀԱՊԿ, կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, և ես շփվել եմ և՛ Հայաստանի արտգործնախարարի, և՛ պաշտպանության նախարարի հետ։ Քննարկում էինք ստեղծված իրավիճակը։ Բացի այդ, մեզ մոտ արդեն ընդհանուր քննարկում է տեղի ունեցել Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում», – հստակեցրել է նա։

Զասը վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես հետևում է Հայաստանի հարավում տիրող իրավիճակին։

«Մոնիթորինգային խմբի ձևավորման մասին որոշում չի ընդունվել, թեև, իհարկե, իրավիճակը դիտարկվում է», – նշել է գլխավոր քարտուղարը:

Նա հավելել է, որ կազմակերպությունը անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում բազմաթիվ աղբյուրներից, ներառյալ հայկական կողմը և ռուս խաղաղապահները։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Իսկ մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայող է գերեվարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել