Այս պահին Ռուսաստանի սահմանների մերձակայքում Թուրքիան ներգրավված է միանգամից երկու զորավարժություններում։

Դրանք ներառում են Սև ծովում ընթացող համանատոյական «Ծովային զեփյուռ» և Ադրբեջանում այսօր մեկնարկած և նախապես չհայտարարված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2021» թուրք-ադրբեջանական ռազմախաղերը։ Ամենայն հավանականությամբ, այս երկու գործողությունները փոխշաղկապված են, թեև այդ մասին չի բարձրաձայնվում։

Եթե սրան ավելացնենք նաև այն, որ վերջերս թուրք-ամերիկյան համաձայնության արդյունքում Թուրքիան պատրաստվում է Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո էլ՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր, Վաշինգտոնի աջակցությամբ և «օրհնությամբ» մնալ այդ երկրում, ապա կստացվի Ղրիմից մինչև Քաբուլ ձգվող թուրքական ռազմական մի «կիսալուսին», որն աշխարհագրորեն փորձում է շրջափակել Ռուսաստանը և ռուսական կենսական շահերի գոտի Կենտրոնական Ասիան հարավից։

Այսինքն, տեղի են ունենում խոշոր աշխարհաքաղաքական գործընթացներ, որոնցում մի կողմից ներգրավված է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, իսկ մյուսից՝ թշնամին, մինչդեռ Երևանում, ըստ էության, չկա նույնիսկ ԱԳՆ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել