News.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Եվրամիության հանդիպում անցկացնելու գաղափարը, հայտնել է AP-ն:
Գաղափարը մերժվել է անցյալ շաբաթ ԵՄ արեւելյան անդամների կողմից: Գագաթնաժողովում ԵՄ առաջնորդները համաձայնել են միայն «ուսումնասիրել Ռուսաստանի հետ երկխոսության ձեւաչափերը եւ պայմանները»՝ չհիշատակելով բարձր մակարդակի հանդիպումների կամ Պուտինի հետ գագաթնաժողովի ծրագրերի մասին: Հիշեցնենք, որ գաղափարը առաջ են քաշել Գերմանիան եւ Ֆրանսիան:
«Մտահոգությունն այն էր, որ մենք գուցե չկարողանանք հանդես գալ մեկ միասնական ճակատով, (իսկ) նման գագաթնաժողովը, անշուշտ, պահանջում է ինտենսիվ նախապատրաստական աշխատանք», - հայտարարել է Մերկելը: Նա նշել է, որ դա թույլ կտա եվրոպացիներին «ստանալ իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաեւ այն հարցերի պատասխանները, որոնց շուրջ ցանկանում են համագործակցել»:
Մատնանշելով այնպիսի մտահոգությունները, ինչպիսիք են «հիբրիդային հարձակումները», որոնց մեջ Ռուսաստանին մեղադրում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Բալթյան երկրները, Մերկելը հավելել է. «Ավելի լավ է ոչ միայն մեր մեջ խոսել այս մասին, այլեւ այդ հարցերում դիմակայել Ռուսաստանի նախագահին եւ ասել, որ նման հիմքի վրա փոխշահավետ համագործակցություն չի կարող լինել... ԱՄՆ նախագահը հասկացրել է (Պուտինին), եւ ինչո՞ւ Եվրոպան չի կարող դա անել», - ասել է Մերկելը:
«Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերություններն այժմ իսկապես ամենալավը չեն, սակայն նույնիսկ Սառը պատերազմի տարիներին մենք խոսել ենք միմյանց հետ», - ասել է Մերկելը: «Այնպես որ, ես կարծում եմ, որ լռությունը խնդիրների լուծում չէ»: