Օրերս մի հրապարակում էի արել Արցախի բնակիչներին օտարերկրյա համարներից զանգերի մասին՝ մեր հայրենակիցներին կոչ անելով չենթարկվել ադրբեջանական սադրանքին ու խուճապի մեջ չընկնել։
Զանգերի մասին լսել էի ավելի վաղ՝ քաղաքագետ Թևան Պողոսյանից, բայց գերադասել էի անձամբ խոսել նաև Արցախում ապրող մարդկանց հետ, հետո միայն հրապարակում անել։ Այդ լուրը ինձ հաստատեցին Ստեփանակերտի, Շոշի, Ճարտարի, Կարմիր շուկայի որոշ բնակիչներ։ Արցախի ԱԱԾ որևէ աշխատակից, սակայն, իրեն նեղություն չի տվել՝ կապ հաստատել ինձ հետ և հետաքրքրվել, թե որտեղից ես ունեմ այդպիսի տեղեկություն։ Գուցե ես տալու եմ կոնկրետ անուններ ու փաստեր։
Բայց դա բացարձակապես հետաքրքիր չէ Արցախի ԱԱԾ-ին, փոխարենը նրանք գերադասել են գնալ ՀՀ կառավարության ճանապարհով ու մերկապարանոց հայտարարություն անել՝ ժխտելով ադրբեջանցիների կողմից համակարգված զանգերի խնդիրը։
Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ թշնամուն հաջողվել էր կոտրել մեր կառավարական ներքին ցանցը և ստանալ մոտ 55 տերաբայթի տեղեկություն, այդ թվում՝ մարդկանց անձնական տվյալների բազա։ Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ եղան (հղումն՝ այստեղ)։
Որ պետական չինովնիկները իրենց պաշտոնները պահելու համար հաճախ աչք են փակում ամեն վտանգի վրա, զզվելի, անընդունելի, բայց հասկանալի է։ Ես, սակայն, չեմ կարողանում հասկանալ այն արցախցիներին, ովքեր վախենում են բարձրաձայնել ադրբեջանցիների զանգերի մասին։
Ինչի՞ց եք վախենում, որ կկորցնեք ձեր 68,000 դրամնե՞րը, թե՞ Արցախից մնացած փշրանքը։ Վստահ եղեք, կկորցնենք, եթե շարունակեք նույն իներտ պահվածքը՝ գերադասելով պատերի տակ նվնվալ, իսկ ինձ նամակ ուղարկել ու շնորհակալություն հայտնել ձեր ցավերով տառապելու համար։
Եթե դուք՝ արցախցիներդ, չլինեք համարձակ՝ գերադասելով լռել ու վախվորած նայել, թե ինչ են անում չինովնիկներն ու թշնամին, ապա վաղը կորցնելու ենք նաև Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին ու մյուս բնակավայրերը։
Առաջին անգամ վրդովված եմ արցախցիների վարքից։
Սա՞ է ձեր չորկողությունը։ Սրանո՞վ եմ ես հպարտանում տարիներ շարունակ։
Եթե ստացել եք զանգեր կամ նամակներ ադրբեջանցիներից, մի՛ վախեցեք խոսել այդ մասին, նույնիսկ եթե ձեզ ինչ-որ չինովնիկներ հրահանգում են չխոսել։ Պատմեք, բարձրաձայնեք, որ կարողանանք հասցեական կանխել թշնամու բոլոր մտահղացումները։ Հասկացեք, ի վերջո։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nhokhikyan/posts/10158369035608831
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել