Ռազմիկ Արսենի Մախմուրյանը ծնվել էր 2002 թ․-ի մայիսի 16-ին, Արարատի մարզի Լանջազատ գյուղում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Բնույթով անսահման համբերատար ու զուսպ, Մախմուրյանների օրինակելի ընտանիքի միակ արու զավակ Ռազմիկը ՀՀ Պաշտպանության բանակ էր զորակոչվել 2020թ․-ի օգոստոսի 10-ին։ Եվ որքա՜ն էին ուրախացել հարազատները, երբ վիճակահանությամբ պարզվել էր, որ ծառայելու է Վայքի զորամասում։ Բայց ով իմանար, որ ծառայության անցնելուց մեկ ամիս անց պայթելու էր պատերազմի բոթը, որին իր ուղիղ ու կարևոր մասնակցությունը պիտի ունենար նաև Ռազմիկը, և ո՜վ իմանար, որ բոլորի համար դեռ երեխա Ռազմիկին այսքա՜ն հասունացնելու է այդ չարաբաստիկ կռիվը։

Լինելով վարորդ, իր «Ուրալ»-ով այն աստիճան հմուտ մանևրելով է զենք մատակարարել ռազմաճակատ, որ նույնիսկ ամենափորձառու վարորդներն էին դժվարությամբ կարողանում։ Պատմում են, որ, պատահել է՝ գիշերով, առանց մեքենայի լույսերը միացնելու իրեն անծանոթ ճանապարհներով զենք է հասցրել դիրքեր՝ թշնամու անօդաչուների թիրախում չհայտնվելու նպատակով։ Հաջողությամբ կարողացել է խոցել թշնամու հրետանու շարասյուն, առաջին հարվածից ոչնչացրել է թշնամական մեկ ՏՕՍ համակարգ։ Մի ամբողջ գիշեր ընկերների հետ հաց է թխել, որ տղերքը սոված չմնան։ Ծառայակից ընկերների խոսքերով՝ նույնիսկ քնած ժամանակ բղավում էր. «Համազարկո՜վ, կրա՛կ»։ Եվ այո՛, այս ամենը ընդամենը 18 տարեկանում։ Իսկ ինչ է պետք տաքարյուն պատանուն կռվի դաշտում ոգևորվելու համար, եթե ոչ մարտական առաջադրանքների հաջող իրականացում։ Հենց այսպես էլ կռվեց մինչև պատերազմի ավարտը, մինչև իր երկրային կյանքի ավարտը։ Եղավ Ջաբրայիլի թեժ մարտերում, այնուհետև Գորիսում, ապա՝ Կապանում։ Կռվեց մինչև վերջ, մի քանի անգամ խոցվեց մեքենան, բայց վերջինը, վճռորոշ մարտը նոյեմբերի 9-ին էր։ Ռազմիկը զոհվեց արկի հարվածից 2020թ․-ի նոյեմբերի 9-ին Շուռնու գյուղի մատույցներում,  հրադադարից երկու ժամ առաջ...

Ճակատագրի հեգնա՞նք, թե՞ փրկության գին․ Աստծուն է հայտնի։ Բայց մի բան հաստատ է․ «գնացին ընտրյալները, լուսավորները։ Կարծես պահապան հրեշտակների պակաս ունեինք․ գնացին, որ լրացնեն բացը»․․․ Պատերազմի առաջին օրերից կամավոր ռազմաճակատ էր մեկնել նաև Ռազմիկի հայրը՝ Արսենը, ով 44 օր քաջաբար կռվեց թշնամու դեմ և վերադարձավ միայն որդու վիրավորվելու մասին լուրը լսելուց հետո, բայց որդին արդեն անմահացել էր։ Հայրենիքի համար կյանքը զոհելու պատրաստ արծիվ էին մեծացրել ծնողները։ Իրական քրիստոնյայի ու իրական հայի օրինակով կրթել ու դաստիարակել իրենց զավակներին՝ որդուն ու երկու դուստրերին։

Անմահացավ Ռազմիկը՝ մեծատառերով թողնելով իր անունը մեր պատմության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել