Հնդիկը սուզվող փղին համոզել է ափ դուրս գալ (լուսանկարներ)1in.am-ը գրում է.

Հնդկական Ջայփուր քաղաքի գեղատեսիլ վայրերով հմայվող զբոսաշրջիկներն ականատես են եղել, թե ինչպես է տղամարդը համոզել սուզվող փղին խուճապի չմատնվել և ափ դուրս գալ: 

Ջայփուրը հայտնի է իր արևելյան ճոխությամբ, սակայն զբոսաշրջիկներն այստեղ են գալիս ոչ միայն տեսարժան վայրերով հիանալու, այլև փղերի վրա նստելու համար: Սակայն լարված գրաֆիկի և շոգի պատճառով փղերը երբեմն ռիսկի են դիմում և զովանալու համար մտնում են խորը լճերի մեջ: 

Բրիտանական Daily Mail հրատարակչության տվյալներով՝ մի քանի օր առաջ Անարկալի անունով փիղը նույնպես այդ նպատակով մտել է Մաոտայի ջրերը: Զբոսաշրջիկները նկատել են, որ ջրային պրոցեդուրաների ժամանակ փիղն ավելի է խորանում ջրի մեջ և այդ մասին տեղեկացրել են նրա տիրոջը: 

Այն պահին, երբ փղի տերը՝ Արշադ Ալին հասել է ջրամբարին, հսկայական կենդանին սկսել է սուզվել: 

Ձկնորսներն իրենց նավակով Արշադին հասցրել են մինչև փիղը, և տղամարդը սկսել է ետ կանչել կենդանուն, սակայն վերջինս, վախից անշարժացած, մնացել է կանգնած իր տեղում: 

Այդ պահին Արշադը թռել է փղի մեջքին և նրան համոզել դուրս գալ ջրից: Այդ գործողությունն իր արդյունքը տվել է. վախեցած կենդանին հնազանդվել է տիրոջը և դանդաղ ափ է դուրս եկել: 

«Անցած տարի Ջայփուրի իշխանություններն արգելել են փղերին ջուրը մտնել, Անարկալին սովորել էր դրան, սակայն, հնարավոր է, որ ուժեղ շոգն էր ստիպել կենդանուն անտեսել արգելքը և ջուրը մտնել»,– զբոսաշրջիկներին բացատրել է փղի տերը:

Լուսանկարները՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել