1in.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հանդիպեց «Բազե» երիտասարդական հավաքի անդամների հետ: Նախարարը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին, անդրադարձավ նաև Ադրբեջանում պատահաբար հայտնված հայ զինվոր Հոկոբ Ինջիղուլյանի վերադարձման խնդրին:
«Մեր իրականության մեջ լինում են ցավալի երևույթներ, մեկն էլ Հակոբի հայտնվելն էր դրսում, ոչ թե տանը: Նա ունի տեսողության խնդիրներ, շփոթվել ու անցել է սահմանը: ՊՆ-ն դիմել է «Կարմիր խաչ»-ին, այն կապ է հաստատել Ադրբեջանի «Կարմիր խաչ»-ի հետ, որ զերծ մնանք այնպիսի երևույթներից, որ ցույց տվեցին. կեղծ թարգմանություն, ադրբեջանական համազգեստով Հակոբին ներկայացնելը հեռուստացույցով։ Որ արագ կապ հաստատվի նրա հետ, և բոլոր այն հայտարարությունները, որ մենք անում ենք, փոխանցվի Հակոբին»,- ասաց նախարարը։
Նա կարևորեց, որ հայտարարությունները փոխանցվեն Հակոբին: Ս. Օհանյանը հավաստիացրեց, որ նրա նկատմամբ ոչ մի քրեական հետապնդում չի լինելու, քանի որ նրա գործողությունների մեջ ոչ մի քրեական բան չկա, Հակոբը հետ է վերադարձվելու, ինչպես շատերը:
Ըստ նախարարի՝ Հայաստանում էլ կա ադրբեջանցի զինվոր, որը նախկինում հրաժարվում էր Ադրբեջան վերադառնալ, հիմա ուզում է գնալ. «Դա հիմք է, որ կարողանանք Հակոբին հետ վերադարձնել»:
Սեյրան Օհանյանը բազեականներից մեկի հարցին ի պատասխան անդրադարձել է նաև ՀՀ ԶՈՒ-ում կոռուպցիոն երևույթների դեմ պայքարին:
Մանրամասները դիտեք տեսանյութում