Այսօր ականատես եղա, թե ինչպես են մեր մայրաքաղաքի Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ գործող կոլտնտեսային շուկայում Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցները, ոստիկանի ուղեկցությամբ, կրպակավաճառից գումար գանձելու բանավեճ ծավալել: Զավշետն այն էր, որ թաղապետարանի ներկայացուցիչները գոռգոռում են ինչ որ նորմատիվների մասին ու ցածրաձայն ասում, որ գինը դա է, եթե դեմ են, ուրեմն ակտ կկազմեն ու կտուգանեն վաճառողին: Իսկ ի՞նչ նորմատիվ էր դա: Պարզվում է, որ եթե կրպակի դիմաց 7 արկղ գյուղմթերք է դնում վաճառողը, ուրեմն պետք է թաղապետարանի աշխատակցին, ոստիկանի հետ համատեղ, վճարի 1000 դրամ օրեկան, իսկ եթե 7-ից բարձր է լինում քանակությունը, ապա՝ 2000 դրամ: Հիմա համարում են, որ իրենց սահմանած չգրված օրենքն այնպիսի անբեկանելի ուժ ունի, որ բղավելով բանավիճում են վաճառողի հետ, թե ինչու է 7 արկղի համար հասանելիք կաշառք տվել, բայց լկտիաբար 8 արկղ է տեղադրել կրպակի դիմաց: Անգամ չէին խորշում հաճախորդների ներկայությունից, իսկ դա վկայում է, որ այդ ակցիան լավ էլ համաձայնեցված էր իրենց ղեկավարների հետ, այլապես նման սանձարձակությունը երեք պաշտոնատար անձանց կողմից կազմված բանդայի պարագայում՝ օր ցերեկով, դժվար է պատկերացնել:
Բանն այն է, որ մայրաքաղաքում փողոցային առևտուրն արգելվում է օրենքով, և պատահական չէ, որ անկախության տարիների բոլոր քաղաքապետերն էլ փորձել են այդ օրենքի հիման վրա մայրաքաղաքում կարգուկանոն հաստատել, բայց հասկանալով, որ չի ստացվում՝ զիջել են դիրքերը: Իհարկե ունեցանք նաև համառ քաղաքապետ, ով մինչև վերջ պայքարեց փողոցային առևտրի դեմ ու իր վերջը արագացրեց, և ստիպված եղավ մեկ տարի էլ չաշխատած հրաժարական տալ պաշտոնից՝ ինչ է թե չէր ցանկանում, որ Երևանը վերածվեր արևելյան շուկայի: Իսկ ինչպես է վարվում վերջին 20 տարվա ամենալավ քաղաքապետ Տարոն Մարգարյանը (գնահատականը, բնականաբար, իմը չէ), նա ասում է, եթե կվճարեք, ուրեմն հանգիստ կարող եք Երևանը դարձնել արևելյան շուկա, իսկ եթե կհրաժարվեք վճարելուց, ուրեմն որպես պատիժ՝ կխստացնենք ռեժիմը ու մեր մայրաքաղաքը կդարձնենք եվրոպական մոդելի քաղաք:
Իսկ կարո՞ղ է մեր երկիրն էլ է որպես տույժ շարժվում դեպի Եվրամիություն, քանի որ հասարակությունն այլևս փող չունի վճարելու իշխանավորներին, որպեսզի ապրի արևելյան վարքուբարքով: Հիմա եմ հասկանում, թե այդ ինչպես է լինում, որ մեր իշխանություններն են ձգտում դեպքի Եվրոպա, իսկ հասարակությունը հիմնականում դեմ է: