Գեղեցիկ, հաջողակ, հայտնի... Այս երեք որակումներն էլ կիրառելի են Կարա Դելեվինի համար, բայց անգամ նրա գերպահանջված լինելու փաստը հետ չպահեց HM կոնցեռնին, որպեսզի դադարեցնեն համագործակցությունը գեղեցկադեմ այս շիկահերի հետ: Ընկերության ներկայացուցիչները մեկնաբանել են իրենց այս որոշումը՝ հայտարարելով, որ նման ծայրահեղ քայլի պատճառը Կարայի վերջին պրովոկացիոն ֆոտոսեսիաներից մեկն է, որի նկարներից մեկում երևում է, թե ինչպես է գեղեցկուհու պայուսակից ինչ-որ սպիտակ փոշով փաթեթ ընկնում, իսկ ընկերության դիրքորոշումը թմրանյութերի հարցում միանշանակ է ու չոր: Սակայն 20-ամյա գեղեցկուհին պնդում է, որ ինքը երբեք չի օգտագործել ու չի էլ պատրաստվում օգտագործել թմրանյութեր:

 
Ինչևէ, մոդելային աշխարհն ու թմրանյութերը վաղուց են արդեն միահյուսվել և ահա թե ինչու...

2005 թվականին նման իրավիճակում հայտնվեց բրիտանացի թոփ մոդել Քեյթ Մոսսը: Բրիտանական «Daily Mirror» թերթը հրապարակեց լուսանկարների մի շարք, որտեղ 90-ականներին «Հերոինային շիկ»-ի մարմնավորում համարվող Մոսսն ինքն էր կոկաին քաշում քիթը՝ իր սիրեցյալ Փիթ Դոերտու հետ: Ճիշտ է, Մոսսը դատի տվեց թերթին և 300 հազար դոլար պոկեց պարբերականից, բայց այս սկանդալի պատճառով նրա հետ պայմանագրերը խզեցին գրեթե բոլոր անվանի կազմակերպություններն ու ընկերությունները:

Սկզբում կնքած պայմանագիրը խզեց վերոնշյալ HM-ը, այնուհետև այդ ընկերության օրինակին հետևեցին այնպիսի անվանի բրենդեր, ինչպիսիք են Canel, Burberry, Rimmel և Roberto Cavalli բրենդերը: Քեյթին էլ չէին հրավիրում ցուցադրությունների, չէին առաջարկում նկարահանվել, և մոդելը, սթափ գնահատելով ստեղծված իրավիճակը, հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ խոստովանեց, որ կախվածություն ունի թմրանյութերից:

Մոսսը բուժման կուրս անցավ նարկոլոգիական կլինիկայում, որից հետո հպարտորեն վերադարձավ պոդիում՝ իհարկե, ոչ առանց ազդեցիկ ընկերների օգնության... Նրան զորակցություն հայտնեցին սըր Էլթոն Ջոնը, Շերոն Սթոունը, Կատրին Դենյովը և այլք, և Մոսսի պահանջարկն ու հայտնիությունը սկսեցին աստիճանաբար վերականգնվել, ինչը չի կարելի ասել Դոերտու հետ ունեցած դեստրուկտիվ հարաբերությունների մասին:

 
Կոկաինի նկատմամբ տածած իր թուլության համար հայտնի է նաև Քեյթ Մոսսի մտերիմ ընկերուհին՝ Նաոմի Քեմբելը, ով ի դեպ ոչ պակաս բարձրունքների է հասել մոդելային ասպարեզում: Որտեղ թմրանյութեր, այնտեղ էլ սկանդալներ. այսպես, Նաոմին հաճույքով դատի տվեց «Mirror» պարբերականին, որովհետև այնտեղ հրապարակվել էր մի հոդված, որտեղ բացահայտվում էր այն փաստը, որ Նաոմին անոնին թմրամոլների ակումբ է հաճախում: Ինքը՝ Քեմբելը, կատեգորիկ հերքում է նման տեղեկությունները` հայտարարելով, որ իր կենսագրությանը վերագրվող նման դրվագները լրիվ մտացածին են և վիրավորում են իր արժանապատվությունը: Հետագայում սակայն Նաոմին խոստովանեց, որ օգտագործել է արգելված միջոցներ, սակայն նա շարունակեց պնդել, որ ոչ մի ակումբ չի հաճախել, և ի վերջո շահեց դատը:

Քչերն են հիշում Թայրա Բենքսի «Next Top Model» ռեալիթի շոուի բազմաթիվ ֆինալիստուհիներին: Թվում է, թե հաղթողներին հիանալի ապագա է սպասում՝ աշխատանք, պայմանագրեր, փողեր...

Բայց Ջաել Շտրաուսսի համար ամեն ինչ այլ կերպ դասավորվեց. աղջիկը մետանֆետամինի կախվածության տակ ընկավ: 6 տարի տևած ինքնաոչնչացման արդյունքում Ջաելի մաշկը ապականվեց, ատամները սկսեցին թափվել, նրանից հրաժարվեցին բոլոր բարեկամներն ու ընկերները: Նախկին մոդելն, ով ընդամենը 28 տարեկան էր, հույս ուներ օգնություն ստանալու, բայց այն եկավ... մեկ այլ ռեալիթի շոուից.



Շտրաուսը սկսեց մասնակցել «Բժիշկ Ֆիլ» ռեալիթի շոուին, որտեղ ի լուր աշխարհի հայտնեց իր խնդրի և կախվածության դեմ պայքարելու ցանկության մասին:


Սակայն մոդելինգի և թմրանյութերի հետ կապված ամենաաղմկահարույց սկանդալն անկասկած կապված է Ջիա Մարի Կարանջու անվան հետ: Սա այս սարսափելի սովորության զարհուրելի հետևանքներ ունենալու ամենավառ օրինակն է:

Ջիան բնությունից օժտված էր ձգողականությամբ, սեքսուալությամբ, արտիստիզմով՝ մի կողմից, իսկ մյուս կողմից՝ բուռն բնավորությամբ, ըմբոստությամբ և իրեն ոչնչում չմերժելու անհագ ցանկությամբ: Այսպիսին էր Ամերիկայի թիվ մեկ սուպերմոդելը:

Նկարահանումները պարբերաբար ձախողելը, հենց նկարահանման հրապարակում թմրանյութեր օգտագործելը և ներարկումների չանցնող հետքերը չէին կարող հավերժ անտեսվել, սակայն դա դեռ միայն սկիզբն էր... Ջիայի բուռն կյանքի վերջակետը դրեց ՁԻԱՀ-ը: Ջիայի օրինակը ասես վախենալու հեքիաթ լինի բոլոր նրանց համար, ովքեր ասում են. «Ես միշտ կարող եմ դադարեցնել...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել