Aravot.am-ը գրում է․

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այցելել է ՔՊ գրասենյակ, որտեղ նրան դիմավորեցին ծափահարություններով և «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջատար է: Նիկոլ Փաշինյանը իր ելույթի ընթացքում ասաց, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը կայացրել է իր որոշումը.

«Արձանագրենք, որ տեղի ունեցավ այն, ինչ և կանխատեսվում էր, իսկ կանխատեսվում էր այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս ընտրություններում անխուսափելիորեն հաղթելու է: Եվ ես ուզում եմ ևս մեկ անգամ իմ շնորհակալության և խոնարհումի խոսքերն ասել Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ այս դաժան փորձությունների միջով անցնելով մենք կրկին վերգտանք իրար որպես մի ամբողջություն: Եվ ահա հանրային և ազգային միասնությունը վերականգնելու ժամանակն է»:

Նա նշեց, որ Հայաստանի ժողովուրդը երեք տարիների ընթացքում կատարեց երկրորդ հեղափոխությունը. «Ինչ պայմանավորվել ենք, այդ բոլոր պայմանավորվածությունները հատիկ-հատիկ ի կատար կածվեն անխուսափելիորեն և անբեկանելիորեն, որովհետև այդ բոլոր պայմանավորվածությունները, որ իրականացվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում այլևս ժողովրդի կամքն են և ժողովրդի կամքը պիտի ի կատար ածվի անխուսափելիորեն»:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել