Armeniasputnik.am-ը գրում է.

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը բացարձակապես անընդունելի է համարում իրեն վերագրվող մեղադրանքի կասկածը։ Չարչյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց այդ մասին` հավելելով, որ բավականաչափ լավ տիրապետռում է օրենքներին և որևէ օրենքի խախտում չի կատարել։

«Գործը, որը կարվել է իմ դեմ, իր մեջ նյութ չի պարունակում, բացի օդից։ Այդ գործը փուչիկ է, որը պայթելու է։ Այս ամենը նշանակում է, որ եղել է հստակ հրահանգ, որպեսզի ինձ ձերբակալեն։ Ասեմ, որ սա ինձ մեծ պատիվ է բերում, քանի որ եթե ես այդքան մեծ վտանգ եմ ներկայացնում ինձնից, ապա դա ինձ համար պատիվ է»,–ասաց Չարչյանը։

Նրա խոսքով` գործը բացառապես քաղաքական երանգ ունի և կախված է իր քաղաքական դիրքորոշումից։ Ավելին, նա խոստացավ գործին առնչվող նոր բան հայտնլ, սակայն երկու օրից։ Չարչյանը շնորհակալություն հայտնեց իրավապահներից, որոնց հետ շփվել է` ասելով, որ երբեմն նրանք անգամ ջերմ են եղել իր հանդեպ։

Նա նշեց նաև, որ պետք է մի կողմ դնել, թե ով է ինքը և հարցը դիտարկել իրավական տեսանկյունից։ Չարչյանը պատմեց, որ ամեն ինչին նաև մի փոքր հումորով է պետք վերաբերվել։ «37 տարվա իմ աշխատանքային գործունեության ընթացքում, ձերբակալության 2 օրերի ժամանակ առաջին անգամ 2 գիշեր լրիվ հանգիստ քնել եմ` հեռախոսն առգրավված էր, ոչ մի կապի միջոց չկար։ Շատ լավ հանգստացել եմ»,–ասաց Չարչյանը։

Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ անանուն հաղորդումը չի հանդիսանում քրգործ հարուցելու առիթ` այդ դեպքում ստուգողական գործողություններ են անում և միայն դրանից հետո արձանագրված արդյունքները կարող են քրգործի առիթ դառնալ։ Այսինքն` օրինական կերպով քրգործ հարուցելու մասին խոսք չկա։

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն ասում է տնօրինությունը շատ կոշտ, խիստ համարժեք վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ է արձակվել այսօր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել