Մի պարզ նպատակով եմ անում այսօր այս գրառումը, քանի որ թեման, որը պիտի արծարծեմ, իմ կողմից լավ տեսանելի է և բավականին մտահոգիչ (կարծում եմ` շատերի կողմից էլ է լավ տեսանելի):
Այն վերաբերվում է կրթության ոլորտի աշխատողներին և հիմնականում մանկավարժներին, երբեմն էլ ուղղակի դաս-ա-տուներին: Ավելորդ եմ համարում շատ ընկերներիս ներողամտությունը նախօրոք «ապահովելը», քանի որ իրենք էլ լավ գիտեն ներսի իրողությունը, և իրենք էլ ինձնից ոչ պակաս են մտահոգված երևույթի գոյությամբ:
Եվ այսպես. խնդիրը հետևյալում է, թե ապագայում մեզ ավելի շատ ստրուկի հոգեբանությունից ձերբազատված կամ այն լրիվորեն թոթափած ոչ ֆիզիկոս-քիմիկոս ու ոչ չգիտեմ ինչակոսներ քաղաքացիներ են պետք (չնայած պարզ տրամաբանությունը հուշում է, և կյանքն էլ ցույց է տվել այն, որ ավելի լավ մասնագետներ կարող են դառնալ նրանք, ովքեր իրենց մոտեցումներում, գաղափարներում կայուն և սկզբունքային են), թե՞ ստրուկ լեզվաբաններ, ստրուկ մաթեմատիկոսներ , ստրուկ երկրաբաններ, կենսաբաններ ու եսիմ ինչաբաններ ու ինչակոսներ:
Մի քիչ էլ բացեմ փակագծերը:
Իրողություն է, որ այսօրվա հայաստանյան դպրոցներում մեծամասնություն են կազմում այն մանկավարժները, որոնք ուղղակիորեն ուղղորդվում են տնօրեն կոչվածի ցուցամատի ուղղությամբ, վերջինս իր վերադասի էլի նույն ուղղությամբ ուղղված երևի արդեն բութ մատի կամ ճկույթի ուղղությամբ և այսպես շարունակ, միչև ամանավերև, որտեղ արդեն ոչ թե համապատասխան ուղղությունը ցույց է տալիս որևէ «մատը», այլ ուղղակի ԱՐՀԱՄԱՐՀԱԿԱՆ, ազգի համար ՈՉ ԿԱՐԵՎՈՐ, էլ չեմ ասում ՎՏԱՆԳԱՎՈՐ ուղղությամբ ուղղված ՀԵԳՆԱԿԱՆ ՆԱՅՎԱԾՔԸ (հայացք պետք է ունենան, որ գրեի հայացք):
Իսկ նման կամակատար ղեկավարներով և ի վերջո էլ ավելի կամակատար մանկավարժներով հաստատ վաղը չենք ունենալու այն սերունդը, որը երկրին այնքան անհրաժեշտ է՝ ազգային նպատակներին հասնելու և շատերիս երազած պետությունն ունենալու համար: Իսկ այսօրվա ունեցածով վաղը ընդամենը ունենալու ենք ինչ-որ վայ-մասնագետների կամ բուհեր ավարտածների խմբաքանակներ ու որևէ լավ տեղ չտանող խմբակային, թայֆայական «նպատակներ»: Իսկ ստրկական հոգեբանությունից զերծ սերունդ ունենալու ամենակարևոր նախապայմաններից է հենց դպրոցներում ունենալ իրական ՄՏԱՎՈՐԱԿԱՆ-ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, որոնց ոչ մի մատ և ոչ մի նայվածք չի կարող թելադրել ոչինչ, և որոնք այսօր այնքան քիչ են, նաև բնականաբար վերին օղակների կողմից չպահանջված՝ հասկանալի պատճառներով:
Իսկ նրանց, որոնց համար դեռ մեղմ ասած ՄՏԱՀՈԳԻՉ է նման պահանջված որակներով, բայց միևնույն ժամանակ քանակով շատ քիչ մանկավարժի գոյությունը դպրոցներում պարզ է մի բան, ավելի ճիշտ ուղղակի ակնհայտ է՝
Ազգային նպատակների և կայացած պետության մասին ուղղակի խոսք անգամ լինել չի կարող:
Առայժմ այսքանը:
Ավելացնեմ, որ այդքան էլ սրտովս չեն ձևակերպումներս, քանի որ թեմային անդրադառնալիս ավելի շատ նյարդայնանում եմ, քան կենտրոնանում: Ինչ՞ արած:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել