168.am-ը գրում է.

Արարատի մարզի Ավշար համայնքում կայացած քարոզարշավին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրական «տասովշիկների» նկատմամբ պայքարը շարունակվում է, և, որ հերթական ձերբակալություններն են տեղի ունեցել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

Նա սպառնացել է բոլոր ընտրակաշառատուներին, ընտրակեղծարարներին, որոնք կփորձեն ժողովրդի կամքի վրա բռնանալ, հերթով «մտցնել ծակերը»՝  ընտրություններից առաջ և հետո։

«Եվ որևէ մեկը չփորձի թպրտալ, պատերով կտանք, ասֆալտներին են պառկելու, այդ թվում՝ Ավշարի այս հրապարակի ասֆալտներում անձամբ պառկեցնելու եմ բոլոր նրանց, ովքեր փորձում են ժողովրդի կամքի վրա բռնանալ։ Թող պառկել-վեր կենալ սովորեն, որ հետո հեշտ լինի,- հայտարարեց Փաշինյանը և շարունակեց,- Ես անձամբ զբաղվելու եմ բոլոր նրանցով, ովքեր փորերը «քսելով» ասֆալտին, փորձում են ՀՀ քաղաքացիների ընտրական կամքին բռնանալ և ապօրինի ազդեցություն գործել: Լինեն ՏԻՄ-երում, մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ փորձում են ապօրինի ներգործություն ցուցաբերել, բոլոր նրանցով պողպատե մանդատով ես ինքս զբաղվելու եմ հատ-հատ: Եվ հետո որևէ մեկը  թող չասի, թե չենք զգուշացրել»։

Նա ցուցադրելով պողպատե մանդատը խորհրդանշող մուրճը՝ նշեց, թե դրա չափը կախված է ժողովրդի տված տոկոսներից։

«Ինչքան շատ տոկոս տաք, այնքան «չագուչը» կմեծանա։ Ուրեմն՝ ինչքան ուզում եք՝ «կվալդը» ուժեղ լինի, բարձր «հելնի», ուժեղ իջնի, այդքան շատ տոկոս տվեք»,- եզրափակեց  Փաշինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել