Հիմա շատերը սկսել են խոսել քաղաքացիական պատերազմի հնարավորության մասին, ես ինքս դրա հնարավորության մասին դեռևս մեկ տարի առաջ էի խեսել։
Ինչո՞ւ է նման կանխատեսումը դարձել ակտուալ, ո՞րն է պատճառը։
Քաղաքացիական պատերազմի հնարավորությունը շատերը կապում են իշխանության համար ընթացող պայքարի, կամ գլխավոր մասնակիցների անձնային հատկությունների, կամ աշխարքաղաքական ուժերի ներգրավվածության հետ։
Շատ երկրներում են նման թեժ պայքարներ ընթանում, սակայն քաղաքացիական պատերազմի մասին նման դեպքերում ոչ ոք չի խոսում։
Կարծում եմ, դրանք չեն գլխավոր պատճառները։ Քաղաքացիական պատերազներն ընթանում են, երբ երկրում առաջանում են կոնտրէլիտաներ, որոնք միմյանց հետ անհամատեղելի են թե կազմով, թե աշխարհայացքով։
Օրինակ, 1988-1991-ին Հայաստանում տեղի է ունեցել կառավարող էլիտայի կտրուկ փոփոխություն։ Կոմունիստներն առանց արյունահեղության համարյա ողջ կազմով իշխանությունից հեռացան և քաղաքացիական պատերազմ տեղի չունեցավ, որովհետև կոմունիստների ժամանակն արդեն անցել էր ու դա համաշխարհային տենդենց էր՝ բոլորի համար հասկանալի ժամանակի պահանջը։
Կառավարող էլիտայի կորդինալ փոփոխություն տեղի ունեցավ նաև 2018-ին, երբ փողոցի զանգվածը եկավ իշխանության, իսկ "նախկինները" համարյա ողջ կազմով լքեցին իշխանությունը։ Սակայն ո՞րն էր այդ "հեղափոխության" նպատակը, իմաստը, սպասվող արդյունքները, աշխարհայացքային հիմնավորումները, ժամանակի պահանջը։
Հռչակված սոցիալական արդարությունը որպես նման կորդինալ փոփոխության մեթոդոլոգիա չէր կարող արդյունավետ լինել ու պետական կառավարման փորձով անցած մարդկանց փողոցից բերված պոպուլիստներով ու արկածախնդիրներով փոխարինելը (խոսքը քաղաքական գործիչների մասին չէ) պետք է լուրջ առճակատում առաջացներ։
Քաղաքացիական պատերազմները հնարավոր են դառնում այն ժամանակ, երբ ոչ թե քաղաքական կուրսի, քաղաքական դերակատարների փոփոխությունն է խնդիրը, այլ ողջ էլիտայի փոփոխությունը, այն էլ քաղաքական, մասնագիտական ու աշխարհայացքային հիմնավորումների բացակայության առկայությամբ։ Քաղաքացիական պատերազմը էլիտաների բախումն է, որը հնարավոր չէ հանգուցալուծել ընտրությունների միջոցով։
2018-ին իշխանության եկած նոր կառավարող էլիտան տապալեց պետականությունը ու հանրության առջև երկընտրանք սահմանեց՝ վերադառնալ նախկին էլիտային, թե շարունակել ընթացքն արդեն ամեն ինչ տապալած նոր էլիտայի հետ և շարունակել տապալել մնացած ինստիտուտներն ու օտար դրոշները շարել ոչ միայն սահմաններում, այլ խորհրդարանի ու նախագահի շենքերի վրա։
Սա, իհարկե, ընտրություն չէ, ինչի պատճառով հանրությունը բևեռների է բաժանվել, իսկ քաղաքական դաշտը լցվել ավանտյուրիստներով, 26 կուսակցություններ մեծամասնությունը ձեզ ապացույց։ Սա ագռավների երամների գրոհ է պետականության լեշի վրա։
Իսկ ինչ անել։ Սա է հիմնական խնդիրը, որի լուծումը չի երևում։
Այն, որ պսևդոհեղափոխականները, կամ ավելի ճիշտ լակոտոկրատիան, պետք է հեռանա, միանշանակ է, սակայն "հները", մինչ իշխանափոխությունը, պետք է հասարակությանը հուզող հիմնական մի քանի հարցերի պատասխանը տան, նախ ընդունելով հին սխալները։
Իսկ հարցերը շատ կոնկրետ են, խոստանալ
- կառուցել արդյունավետ սոցիալական լիֆտեր ըստ ընդունակությունների,
- կազմել ժամանակավոր կառավարություն ոչ կուսակցական սկզբունքի վրա,
- նախապատրաստվել նոր խորհրդարանական ընտրությունների, ենթադրենք, մեկուկես, կամ երկու տարի հետո, կատարելով անհրաժեշտ սահմանադրական փոփոխություններ։
Այսինքն խոստանալ անել այն, ինչի համար հասարակությունը 2018-ին դուրս եկավ փողոց ու հուսախաբվեց։ Ավելի կարճ՝ իրականացնել խոստացված հեղափոխությունը, դառնալով հեղափոխական։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել