Tert.am-ը գրում է.

Սարգիսը մանկուց աշխույժ երեխա է եղել, ինձ հետ շատ կապված էր։ Կարելի է ասել՝ հեշտ երեխա է եղել, այդպես էլ միշտ իր համար կայացրած որոշումներն են հեշտ լուծվել ու իրականացվել։ Իմ յուրահատուկը, անթերին. շատ ժամանակ ասում էի՝ Սաք, ինչպես արտաքինդ է անթերի, այդպես էլ՝ ներքինդ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում պատմեց Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Սարգիս Թոմբուլյանի մայրը՝ Անահիտ Սահակյանը:

Սարգիս Թոմբուլյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 30-ին Երևանում: Մայրը համարում է, որ որդին Ամանորի նվեր է, ընտանիքի միակ որդին էր։

Դպրոցի հետ համատեղ Սարգիսը հաճախել է գիմնաստիկայի, հետո պարի և «ԹՈՒՄՈ» կենտրոն: Բոլորը իր շրջապատում իրեն շատ են սիրել, հարգել իր մարդ տեսակի համար, ընկերասեր էր, բարի, կյանքով լեցուն և կյանքը շատ սիրող։ Ամեն օրը անցկացրել է լիարժեք, երբեք ժամանակը անիմաստ չի անցկացրել, հիշում է մայրը:

Սարգիսը դպրոցից հետո ընդունվել է Ինֆորմատիկայի քոլեջ և միաժամանակ աշխատել զարգացման կենտրոնում որպես հրահանգիչ։ Մայրը պատմում է՝ որդին որ շրջապատում էլ հայտնվում էր, միշտ աչքի էր ընկնում իր էութամբ. «Միշտ սիրվել է, «Սիթիզեն» հաճախող երեխանները նամակներում ավելի շատ շեշտում էին Սարգիսի լավ ընկեր լինելու փաստը, իրեն նմանվելու ցանկությունը: Երբ հետը խոսում էր, ասում էր՝ մամ, որ գամ, քոլեջն ավարտեմ, կպարապեմ, որ Ճարտարապետական համալսարանում սովորեմ, շատ տաղանդավոր էր, ուզում էր դիզայն սովորել, բայց երազանքներն այդպես էլ կիսատ մնացին»։

Սարգիսը բանակ էր զորակոչվել 2019 թվականի հունվարի 31-ին, ծառայում էր Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: «Գրքասեր էր, բայց հիմնականում ռուսերեն թարգմանության։ Ծառայության ընթացքում շատ գրքեր եմ ուղարկել, եթե մեկը խնամքով չվերաբերվեր իր գրքերին, թույլ չէր տա՝ վերցնեին: Ականանետի նշանառու էր և տիրապետել է իր գործին գերազանց։ Նոյեմբերի 1-ին տեղափոխվել են Մարտունու Կարմիր շուկա ու թեժ մարտեր մղել, նույնիսկ մոտ 2 կմ առաջ են գնացել»,-պատմում է հերոսի մայրը։

Սարգիսը պատերազմի ընթացքում միշտ փորձել է զանգահարել մորը, որպեսզի մայրը անհանգստանար: «Սեպտեմբերի 26-ին ես խմորեղեն էի պատրաստում, որ 27-ին ուղարկեմ նրան: Առավոտ զանգեց, անջատեցի, որ հետ զանգեմ, չսպասեց, նորից զանգեց, ասաց՝ մամ, մեզ ոչ մի բան չուղարկես, մեզ դուրս են տանում, ուշոտ քեզ կգրեմ: Հետո արդեն համացանցում տարածվող լուրերով տեսա, որ պատերազմ է սկսվել: Շատ հուզվեցի, լացեցի, զանգում էի, անհասանելի էր: Հետո արդեն ընկերոջ համարով նամակ գրեց, որ լավ է, չանգանստանամ:

Միշտ զանգում էր, հազվադեպ էր լինում, որ երկու օրը մեկ էր զանգում, միշտ առույգ, ոգևորված ձայնով էր խոսում, ասում էր՝ մամ, մենք հաղթելու ենք, չնեղվես, ես ապահով տեղում եմ: Ինչ հարց տալիս էի, դրական պատասխան էի ստանում: Հետո արդեն պարզվեց, որ շատ թեժ տեղերում են եղել: Պատերազմի ընթացքում շատ դժվարությունների մեջ են ընկել, առաջին բուժօգնություն էլ է ցուցաբերել, իրեն լսելով՝ ես համոզվում էի, որ ամենինչ նորմալ է իրենց մոտ, ինձ երբեք հակառակը չէր ասում։ Ընկերները շատ են պատմել իր անվախ, լավատես, բոլորին հոգեբանորեն դրական տրամադրող տեսակի մասին»,- ասաց մայրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել