Չինաստանի կենդանաբանական այգին ստիպված էր ներողություն խնդրել իր այցելուներից: Կենդանաբանական այգու աշխատակիցները փորձել են միամտացնել իրենց այցելուներին` շանը իբրև առյուծ ներկայացնելով:

Այցելուները զայրացել են, երբ «աֆրիկյան առյուծը» սկսել է հաչել: Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ կենդանաբանական այգու աշխատակիցները ձևացրել են, թե տիբեթյան գամփռը առյուծ է, քանզի նրանք հնարավորություն չունեին իսկական առյուծ պահել գազանանոցում: Տիբեթյան գամփռին պահել են աֆրիկյան առյուծի վանդակում:
Այցելուներն ասել են, որ իրենք փող են վճարել ոչ թե շուն, այլ առյուծ տեսնելու համար: Նրանք կենդանաբանական այգու աշխատակիցների այս քայլը որակել են իբրև դրամաշորթություն: Որոշ աղբյուրներ հաղորդում են, որ կենդանաբանական այգին հաճախ է փոխարինում էկզոտիկ կենդանիներին հասարակ կենդանատեսակներով:


Կենդանաբանական այգու այլ բաժիններում այցելուները տեսել են, որ գայլի վանդակում փողոցային շուն է եղել: Մի այլ վանդակում էլ աշխատակիցները երկու հսկայական ծովային վարունգ էին դրել և ներկայացրել դրանք իբրև օձեր:
Հաճախորդներից մեկն ասել է. «Այս կենդանաբանական այգում դրամաշորթներ են աշխատում: Ես որդուս տարել էի այնտեղ, որպեսզի նա լսի կենդանիների հանած ձայները, սակայն երբ մենք հասանք այն վանդակին, որտեղ աֆրիկյան առյուծ պիտի լիներ, վանդակի մեծ կենդանին սկսեց հաչել: Ես դրա համար չէի տոմսին այդքան փող վճարել»:


Սպիտակ շանը (ձախ կողմում) փորձում էին ներկայացնել իբրև գայլ (աջ կողմում):
Կենդանաբանական այգու ղեկավարությունը մեղադրվում է էկզոտիկ կենդանիներին հասարակ կենդանատեսակներով փոխարինելու մեջ: Կենդանաբանական այգու այցելուներից մեկն ասում է, որ նա այնտեղ գնացել էր իր փոքր տղայի հետ: Նա նշել է. «Ես ստիպված էի խաբել նրան և ասել, որ դա առյուծի հատուկ տեսակ է: Սակայն հետո առյուծը սկսեց հաչել, և տղաս միանգամից գլխի ընկավ, որ դա շուն է, և որ ես նրան խաբել եմ: Ախր ինչպե՞ս նրանք կարող են այդպիսի սարսափելի ստեր փչել և հուսալ, թե կմարսեն այդ ամենը: Նրանք մեզ ուղղակի հիմարի տեղ էին դրել»:

Կենդանաբանական այգու ղեկավար պրն. Լիու Սույան պնդում է, որ իրենց մոտ առյուծ կա, սակայն այն պահին, երբ այցելուներն այցելել են կենդանաբանական այգի, առյուծին տարած են եղել կերակրելու, իսկ այն շունն էլ, որ այդ պահին առյուծի վանդակում է եղել, պատկանել է կենդանաբանական այգու աշխատակիցներից մեկին և առյուծի վանդակ է տարվել ելնելով անվտանգության նկատառումներից:



