Pataragi skizb

Զգեստավորվելուց հետո պատարագիչը, առաջնորդվելով խնկարկությամբ ու թափորով, դուրս է գալիս ավանդատնից և կանգնում է բեմի առջև. այդ պահին դպիրներն ու ժողովուրդը, ոտքի կանգնելով, երգում են «Խորհուրդ խորին, անհաս, անսկիզբն…» շարականը՝ հորինված Խաչատուր վարդապետ Տարոնեցու կողմից։ Բեմի առջև տեղի է ունենում ձեռքերի լվացում։ Պատարագիչն ու սարկավագը դարձյալ փոխեփոխ Սաղմոս ԻԶ ենասում. «Սրբությամբ իմ ձեռքերը պիտի լվանամ ու քո սեղանի շուրջը պիտի լինեմ, ո՜վ Տեր…», որի իմաստը սրտի և հոգու սրբությունն ու մաքրությունն է խորհրդանշում։ Այս լվացման արարողությունը Մովսիսական օրենքից է գալիս, ինչպես Տերը պատվիրել էր. «Ահարոնը և նրա որդին երը ձեռքերն ու ոտքերը պիտի լվանան խորան մտնելուց առաջ՝ պաշտոն կատարելու համար» (Ելից Լ 19-20)։
Մաքրվելուց հետո պատարագիչ քահանան խնդրում է Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությունը՝ ասելով. «Եվ վասն Սրբուհւոյ Աստուածածնին բարեխօսութեանն, Տէր, ընկա՜լ զաղաչանս մեր և կեցո զմեզ» (Սրբուհի Աստվածածնի բարեխոսությամբ, Տե՜ր, լսիր մեր աղաչանքները և ապրեցրու մեզ)։ Սարկավագը քարոզ է կարդում. «Սուրբ Աստվածածին և բոլոր սրբեր, բարեխոսեցեք երկնային Հորը…»։ Պատարագիչն աղոթում է. «Ընդունիր, Տե՜ր, մեր աղաչանքները՝ բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնի՝ քո Միածին Որդու անարատ ծնողի և բոլոր սրբերի աղաչանքով և այսօրվա շնորհիվ։ Լսիր մեզ, Տե՜ր ու ողորմիր. Ներիր, քավիր ու մեր մեղքերին թողություն տուր։ Արժանի արա մեզ գոհությամբ փառավորելու Քեզ՝ Որդուդ և Սուրբ Հոգուդ հետ…»։ Ձեռքերը լվացած պատարագիչը ամեն բանից առաջ խնդրում է Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի բարեխոսությունը։ Պատարագիչը Սուրբ Աստվածամոր բարեխոսությունն է հայցում, որպեսզի բոլորս էլ լցվենք նրա հավատով։ Քանի որ Աստվածամայրն իր այդ հավատի շնորհիվ կարողացավ ճշմարտապես և մարմնապես ունենալ Աստծո Որդուն, որն իր մեջ բնակվեց. մենք՝ հավատացյալներս, որ պատարագի մեջ պիտի մտնենք, խնդրում ենք Աստվածամոր հավատը, որպեսզի մենք էլ կարողանանք ճշմարտապես Քրիստոսին մեր մեջ ընդունել (Հովհաննես Զ 57)։ Հավատացյալները միշտ ապավինում են Աստվածամոր հավատին և նրանից ներշնչվելով՝ նրա որդիներն են դառնում։
Եթե Աստվածամայրը նման հաստատուն հավատ չունենար ամենակալ Աստծո հանդեպ, Միածին Որդին՝ Հիսուս Փրկիչը, չէր կարող, մարմին հագնելով, աշխարհ գալ իբրև մարդ, որովհետև Աստված միայն հավատի մարդկանց մեջ կարող է 10) բնակվել և գործել, ինչպես կարդում ենք. «Եվ այնտեղ՝ Նազարեթում, շատ հրաշք չէր կարող անել նրանց անհավատության պատճառով» (Մատթեոս ԺԳ 58, Մարկոս Զ 5-6)։ Աստվածամոր մասին առանձին ուսումնասիրություն ունենք, ովքեր փափագում են կարող են կարդալ։ Երկրորդ. Սուրբ Պատարագի ընթացքում Աստվածամոր բարեխոսությունը հայցելով՝ ձայնակցում ենք սուրբ Գրիգոր Նարեկացուն՝ աղոթելով. «Ահա կաթիլ մի կաթին քումդ կուսութեան յանձն իմ անձրևեալ՝ կենաց ինձ զօրէ, Մայրդ բարձրելոյն Տեառն Յիսուսի…» (Բան Ձ, Գ մաս)։ Թարգմանություն. «Ահա կուսական կաթիդ մեկ կաթիլը իմ անձի մեջ անձրևելով՝ կյանք է տալիս ինձ, ով բարձրյալ Տեր Հիսուսի Մայր»։
Այսպիսով, Սուրբ Պատարագի ժամանակ քրիստոսի Մարմնի և Արյան ճաշակմամբ հաղորդվում ենք նաև Աստվածամոր հետ՝ իբրև մեր բոլորի Մայրը։ Այնուհետև պատարագիչը ժողովրդի առջև իր մեղքերն է խոստովանում. «Խոստովանում եմ Աստծո, Սուրբ Աստվածածնի և բոլոր սրբերի առաջ ու ձեր ներկայությամբ, ով հայրեր ու եղբայրներ, իմ գործած բոլոր մեղքերը, որովհետև մեղանչեցի խորհրդով, խոսքով ու գործով և այն բոլոր մեղքերով, որոնք մարդիկ գործում են, որոնց համար մեղա՛, մեղա՛ եմ ասում և աղաչում եմ ձեզ, բոլորդ ինձ համար Աստծուց թողություն խնդրեցեք»։ Պատարագիչը ստանալով այդ խնդրած թողությունը, օրհնում է ժողովրդին՝ նրանց համար էլ ինքն է հայցում հանցանքների թողություն։
Սուրբ Սեղանին մոտենալուց առաջ թողություն խնդրելը Ավետարանից է գալիս, ինչպես մեր Տերը պատվիրել էր. «Եթե քո ընծան Սեղանի վրա բերես և այնտեղ հիշես, թե քո եղբայրը քո դեմ բան ունի, քո ընծան թող Սեղանի առաջ և գնա սկզբում հաշտվիր եղբորդ հետ ու հետո արի, որ քո ընծան մատուցես» (Մատթեոս Ե 23-24), որպեսզի ընդունելի լինի։
Քրիստոսի այս խոսքով փաստվում է նաև մեր մատուցած անմահ Սուրբ Պատարագի վավերականությունը։ Եթե այսուհետև պիտի դադարեր որպես Պատարագ մատուցվելուց, մեր Տերն ինչու՞ այս օրինակը բերեց։ Ահա մի այլ փաստացի օրինակ ևս Սուրբ Պատարագը չընդունողների համար։ Այդ պահին դպիրներն ու ժողովուրդը խնդրում են պատարագչից. «Յիշեսցիր և զմեզ առաջի անմահ Գառինն Աստուծոյ» (Հիշիր և մեզ Աստծո անմահ Գառան առջև), որին պատարագիչը պատասխանում է. «Յիշեալ լիջիք առաջի անմահ Գառինն Աստուծոյ» (Հիշված կլինեք Աստծո անմահ Գառան առջև)։ Եվ այսպես, սրբված սրտով և խղճով, Սաղմոս ԽԳ ասելով, պատարագիչը սարկավագի հետ բարձրանում է Աստծո ներկայության Սուրբ Հարկը, որտեղ և գտնվում են փառաբանության տեղը, հրեշտակների բնակարանը և մեղքերի քավարանը, տիեզերքի Արարչի հետ դեմ առ դեմ գտնվելու և այնտեղ Պատարագի սրբազան խորհուրդը կատարելու համար։
Պատարագիչը Աստծո առջև կանգնելու և բերան առ բերան Ամենակարողի հետ խոսելու, իր մեղքերի և ներկա ժողովրդի համար թողություն և քավություն խնդրելու համարձակություն է ունենում, ինչպես ժամանակին Հին Ուխտում Մովսես մարգարեն. «Եվ Տերը խոսում էր Մովսեսի հետ դեմ առ դեմ, ինչպես մարդը խոսում է իր բարեկամի հետ» (Ելից ԼԳ 11), և Եղիա մարգարեն (Գ Թագավորաց ԺԹ 9-18)։
Այս աղոթքի վերջանալուց հետո մեծ վարագույրը փակվում է, և դպիրները սկսում են ծանր եղանակով մեղեդիներ կամ տաղեր երգել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել